Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Տարածքային կառավարման նախարարության խնդիրներն ու անելիքները

28.11.2007

ԱՅՑԵՔԱՐՏ

ԿԱՐԵՆ ԻՍԱԽԱՆՅԱՆ

Ծնվել է 1977 թվականին Երեւանում:
2000թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մեքենաշինության արտադրության տեխնոլոգիաների, սարքավորումների եւ մեքենագիտության դեպարտամենտը` ստանալով ճարտարագիտության մագիստրոսի որակավորում:

2002-ին ավարտել է նույն համալսարանի ասպիրանտուրան` ստանալով ճարտարագետ հետազոտողի որակավորում, իսկ

2000-2004 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանը (հեռակա ուսուցում)` ստանալով իրավաբանի որակավորում:

Տեխնիկական գիտությունների թեկնածու է, հեղինակ է 13 գիտական հոդվածների:

1997-1998 թթ. եղել է «Ռոսար» բաժնետիրական ընկերության հայկական տնօրինության տնօրենը, իսկ 1998-2001թթ.` «Հայաստանի երիտասարդական պալատ» հասարակական կազմակերպության փոխնախագահը, գործադիր տնօրենը:

2001-2002 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարի օգնական, իսկ 2002-2003թթ.` ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի օգնական, 2003-2005թթ. եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի խորհրդականը:

2003 թվականից Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ:

2005-2006 թթ. զբաղեցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (ժամկետային աշխատանքային պայմանագրով):

2006 թվականի մարտին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար: Ամուսնացած է, ունի երկու երեխա:


- Պարոն Իսախանյան, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ գործում են տարբեր գործառույթներ ունեցող գերատեսչություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր աշխատակազմը, որոնք, լինելով առանձին կառավարչական հիմնարկներ, ազատ են գույքի տնօրինման, կադրերի նշանակման խնդիրները կարգավորելու գործում: Ի՞նչ կառուցակարգերով են կարգավորվում Ձեր հարաբերությունները նրանց հետ:

-ՀՀ տարածքային կառավարման նախարարության համակարգը բաղկացած է նախարարության աշխատակազմից, նախարարության կառավարման ոլորտում գործող երկու պետական մարմիններից (Հայաստանի փրկարար ծառայություն եւ Ջրային տնտեսության պետական կոմիտե), ինչպես նաեւ նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպություններից:

Այդ մարմինների հետ մեր հարաբերությունները կարգավորվում են նախարարության կանոնադրությամբ եւ այլ իրավական ակտերով: Ջրային տնտեսության բնագավառում նախարարությունն իր իրավասության սահմաններում ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը, պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարումը եւ անվտանգ օգտագործումը: Վերահսկողություն է իրականացնում ջրային համակարգերի սանիտարական պահպանման եւ անօտարելի գոտիների պահպանման նկատմամբ:

Արտակարգ իրավիճակների բնագավառում նախարարությունը քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքները, սահմանված կարգով ՀՀ կառավարության եւ ՀՀ վարչապետի քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության եւ սեյսմիկ պաշտպանության բնագավառներում օրենքների, այլ իրավական ակտերի նախագծերը եւ այլն:

Նշենք նաեւ, որ հիշյալ գերատեսչությունների գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում փոխվարչապետը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններից յուրաքանչյուրն ունի իր աշխատակազմը եւ գործում է ՀՀ կառավարության կողմից հաստատված իր կանոնադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի համաձայն:

Այդ մարմիններից յուրաքանչյուրը տնօրինում է իր գույքը, ունի իր առանձին հաշվեկշիռը, ինչպես նաեւ կադրերի նշանակման հետ կապված գործընթացում գործում է քաղաքացիական ծառայության օրենսդրության համաձայն: Յուրաքանչյուր աշխատակազմի` պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձը նշանակում է կատարում իր աշխատակազմի պաշտոնների անվանացանկին համապատասխան պաշտոններում:

Հարկ է նշել, որ Հայաստանի փրկարար ծառայության որոշ պաշտոններում, ելնելով առանձնահատկություններից, նշանակումներ կատարվում են «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն:

- Նախարարության աշխատակազմի կողմից որեւէ կերպ համակարգվու՞մ են ենթակա մարմինների աշխատակազմերում թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների կամ քաղաքացիական ծառայողների ատեստավորումների հարցաշարերի, քաղծառայության պաշտոնների անձնագրերի մշակման, կատարելագործման աշխատանքները: Ձեր ղեկավարած աշխատակազմում ինչպե՞ս են ընթանում այդ աշխատանքները: Ձեզ բավարարու՞մ է հարցաշարերի որակը:

-Նախարարության աշխատակազմը սերտ համագործակցում է նախարարության համակարգում գործող պետական մարմինների աշխատակազմերի հետ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատակազմերն իրականացնում են իրարից խիստ տարբեր մասնագիտական գործառույթներ, նպատակահարմար ենք գտել, որ մրցութային եւ ատեստավորման հարցաշարերը մշակվեն տվյալ մարմնի աշխատակազմի կողմից ինքնուրույն, ոլորտի յուրահատկություններին համապատասխան:

Ինչ վերաբերում է նախարարության հարցաշարերի որակին, կարծում եմ, որ այն կարելի է բավարար համարել, քանի որ այսօրվա մասնագետների համար ստեղծված չափորոշիչներով, ըստ իս, այդ հարցաշարերի հիման վրա կարելի է ընդհանուր պատկերացում կազմել մրցույթների մասնակիցների մտավոր ներուժի, կարողությունների մասին:

Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ որոշ դեպքերում նշված հարցաշարերի միջոցով հնարավոր չէ լիարժեք բացահայտել մարդու մասնագիտական, մարդկային որակները: Այսօր, հաշվի առնելով փորձը, նաեւ մեր ոլորտի առանձնահատկությունները՝ վերանայում ենք նախարարության հարցաշարերը եւ փորձում ենք այն համալրել ավելի ընդգրկուն եւ մասնագիտական հարցերով:

- Ընդհանուր առմամբ որոշակիացրե՞լ եք, թե ի՛նչ մասնագետների կարիք է զգում նախարարությունը: Ինչպե՞ս կներկայացնեք նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պատրաստվածության, կառավարչական հմտությունների տիրապետման, մասնագիտական գիտելիքների ընդհանուր մակարդակը:

- Ղեկավար եւ կազմակերպչական գործառույթներ ունեցող քաղծառայության բազմաթիվ պաշտոններում միայն մասնագետ լինելը բավարար չէ. այդ պաշտոններն զբաղեցնողները նաեւ պետք է տիրապետեն մենեջմենթի տարրերին, ՀՀ օրենքներին եւ իրավական ակտերին, առանձնանան պետական ծառայողի գործառույթների ավելի խոր իմացությամբ:

Այդ առումով քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերում կրթության վերաբերյալ ներկայացված պահանջները ճիշտ են, իսկ որոշ պաշտոնների անձնագրերում մասնագիտական կրթության ամրագրումը մեծապես նպաստում է պրոֆեսիոնալիզմի զարգացմանը: Նախարարության աշխատակազմում կան պաշտոններ, որոնք թափուր են մնում համապատասխան մասնա•ետներ չլինելու կամ տվյալ բնագավառում աշխատելու ցանկություն չունենալու պատճառով:

Օրինակ՝ աշխատակազմի իրավաբանական, ֆինանսատնտեսագիտական, ծրագրավորման եւ վերլուծության բաժիններում պահանջվում են համապատասխանաբար իրավաբանական եւ տնտեսագիտական կրթություն ունեցող մասնագետներ, սակայն նրանք այսօր աշխատանք են փնտրում միջազգային կազմակերպություններում (բարձր վարձատրության պատճառով),

իսկ աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության որոշ պաշտոններ մինչ օրս թափուր են մնացել` մրցույթներին մասնակցելու համար որեւէ հայտատու չլինելու պատճառով, քանի որ նշված պաշտոններն զբաղեցնելու համար պահանջվում է «Բնագիտատեխնիկական միջառարկայական» — «Օգտակար հանածոների երկրաբանություն եւ հետազոտություն» մասնագիտությունների գծով բարձրա•ույն կրթություն, որը, ցավոք, մեր հանրապետությունում քչերն ունեն, իսկ առանց մասնագիտական կրթության հնարավոր չէ իրականացնել գործակալության առջեւ դրված բազմաթիվ խնդիրներն ու գործառույթները:

Ինչ վերաբերում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պատրաստվածությանը, մասնագիտական գիտելիքների ընդհանուր մակարդակին, ապա հարկ է նշել, որ նախարարության աշխատակազմը հիմնականում համալրված է պրոֆեսիոնալ եւ փորձառու կադրերով. յուրաքանչյուր քաղծառայող մեծ պատասխամատվությամբ է մոտենում իր առջեւ դրված խնդիրների լուծմանը:

- Ըստ Ձեզ՝ քաղծառայողների վերապատրաստման ծրագրերը ծառայո՞ւմ են իրենց նպատակին:

- Կարծում եմ` այո: Վերապատրաստման ծրագրերն ամբողջությամբ բավարարում են այսօրվա պահանջները: Աշխատակազմը համալրված է բավական երիտասարդ կադրերով, եւ վերապատրաստման դասընթացները նպաստում են նրանց մասնագիտական որակների բարձրացմանը, ինչպես նաեւ այդ ընթացքում նրանք ձեռք են բերում նոր գիտելիքներ, առավել հմտանում են իրենց մասնագիտության մեջ:

Պետք է նշել, որ Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից կազմակերպվում եւ կանոնավոր կերպով իրականացվում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը:

- Քաղծառայողների վեցամսյա հաշվետվությունների գնահատման կառուցակարգը գործո՞ւմ է, եւ եղե՞լ են արդյոք դեպքեր, երբ քաղծառայողի վեցամսյա գործունեությունն անբավարար գնահատվելու դեպքում քաղծառայողն ազատվել է աշխատանքից:

- Նախարարության աշխատակազմում վեց ամիսը մեկ քաղծառայողների կողմից ներկայացված հաշվետվությունները մենք տվյալ ստորաբաժանման ղեկավարի հետ միասին քննարկում ենք եւ տալիս ենք համապատասխան եզրակացություններ: Եղել են բացասական գնահատականներ, բայց այդ հիմքով որեւէ քաղծառայող իր զբաղեցրած պաշտոնից չի ազատվել:

- Մրցույթներում մեկից ավելի հաղթող ունենալու դեպքում ի՞նչ սկզբունքով եք նրանցից մեկին նշանակում պաշտոնի:

- Նշված խնդրի միակ եւ անաչառ տարբերակը մրցույթում հաղթող ճանաչված յուրաքանչյուր թեկնածուի հետ անցկացված զրույցն է` նրանց գիտելիքների մակարդակը, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու կամ որոշում ընդունելու ունակությունը բացահայտելու համար: Հաշվի ենք առնում նաեւ համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կարծիքը:

- Ինչպես հայտնի է, համայնքային ծառայության ոլորտում կազմակերպման եւ ղեկավարման հիմնական գործառույթը դրված է ՀՀ տարածքային կառավարման նախարարության վրա: Ի՞նչ ընթացք ունեն հանրապետությունում համայնքային ծառայության համակարգի ներդրման աշխատանքները:

- Հայաստանում համայնքային ծառայության համակարգը ներդրվել է անցյալ տարվա 2-րդ կիսամյակից: Իրավական դաշտն ամբողջացնելու նպատակով այս ընթացքում ընդունվել են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքից բխող 13 նորմատիվ իրավական ակտեր, որոնցից 2-ը՝ ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ 12-ը՝ ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի հրամաններով:

2006 թվականի նոյեմբերին ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի հրամաններով հաստատվեցին Հայաստանի Հանրապետության 926 համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը։

Դրանց հիման վրա համայնքների ղեկավարների կողմից հաստատվեցին անվանացանկերում առկա համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը, անհրաժեշտ փոփոխություններ կատարվեցին համայնքների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակներում։

Աշխատակազմերում համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձինք սահմանված կարգով նշանակվեցին համայնքային ծառայության պաշտոններում: Արդյունքում` Հայաստանի Հանրապետությունում այսօր ունենք 5874 համայնքային ծառայողներ, որոնցից 32-ը` գլխավոր, 2137-ը` առաջատար, 3705-ը` կրտսեր պաշտոններ զբաղեցնող անձինք:

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն` այս տարվանից սկսվել է համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը: Վերապատրաստումն առավել հասանելի դարձնելու նպատակով քաղաքային եւ գյուղական համայնքների համայնքային ծառայողների դասընթացներն իրականացվում են նախկին շրջկենտրոններում:

Վերապատրաստման ընթացքում համայնքային ծառայողները խորությամբ ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման համակարգի եւ համայնքային ծառայության սկզբունքները, ծանոթանում են իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտին, ձեռք են բերում կառավարչական հմտություններ, եւ նկատի ունենալով համայնքների բյուջեների միջոցների սղությունը եւ կարեւորելով համայնքային ծառայության համակարգի ներդրման անհրաժեշտությունը` գործընթացներն անմիջականորեն վերահսկում է փոխվարչապետ պարոն Հովիկ Աբրահամյանը:

Նաեւ գործընթացի կարեւորությունից ելնելով` համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումն անցկացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը այդ նպատակի համար ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցների հաշվին (2007 թվականին համայնքային ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար հատկացվել է շուրջ 19,5 մլն դրամ):

Համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը կշարունակվի առաջիկա երկու տարվա ընթացքում:

2008 թվականի հունվար-փետրվար ամիսներից կսկսվի համայնքային ծառայողների առաջին ատեստավորման գործընթացը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը համայնքային ծառայության համակարգի ներդրման ողջ ընթացքում սերտորեն համագործակցում է համայնքների հետ՝ անհրաժեշտության դեպքում ցուցաբերելով գործնական աջակցություն։ Բացի այդ, համայնքային ծառայության համակարգի ներդրումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Երեւանում եւ մարզերում պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ, որոնց մասնակցում են մարզպետարանների եւ համայնքների ներկայացուցիչներ:

Հարցազրույցը`

Ռուզաննա ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

"Քաղաքացիական ծառայություն"

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին