Նորություններ
Լրատվություն
Քննարկվել են իսպանական ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները
08.12.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության դեսպանության (նստավայրը՝ Մոսկվա) տնտեսական և առևտրի հարցերով խորհրդական Պաբլո Մարտինես Սեգրեյեսի հետ։
Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կարեն Դաղբաշյանը։
ՀՀ-ում ԻԹ դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Պաբլո Մարտինես Սեգրեյեսը նշել է, որ իսպանական մի շարք կազմակերպություններ հետաքրքրված են Եվրամիության աջակցության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով, հեռանկարային են համարվել աղբի վերամշակման և ոռոգման ոլորտները։
Հանդիպման ընթացքում հյուրին ներկայացվել է այս ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթությունները և նախատեսվող ծրագրերը։ Խոսք է գնացել ՀՀ 8 մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման, աղբի վերամշակման և ջրամբարաշինության ծրագրերի մասին։
Նարինե Ավետյանը նշել է, որ աղբի համակարգային վերամշակման հարցում ՀՀ կառավարության նպատակն արդյունավետ և ամենանվազ ռիսկերով վերամշակման համակարգի ներդնումն է, հավելելով, որ այս հարցում նախարարությունը բաց է համագործակցության համար։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել հետաքրքրված կազմակերպությունների հետ համագործակցության տարբերակների շուրջ առավել առարկայական քննարկումներ սկսելու հնարավորություն ստեղծել։