Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է ««LEADER»-ը՝ որպես գյուղական համայնքների զարգացման ուղի Հայաստանում» միջազգային առաջին կոնֆերանսին

20.11.2021

 Նոյեմբերին 19-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագրի ««LEADER»-ը՝ որպես գյուղական համայնքների զարգացման ուղի Հայաստանում» միջազգային առաջին կոնֆերանսը։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Եվրոպական Միության, Հսայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Ավստրիական զարգացման գործակալության համատեղ ջանքերով ու ֆինանսավորմամբ ՀՀ հյուսիսային երեք մարզերում՝ Շիրակի, Տավուշի և Լոռու։ Կոնֆերանսի նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ քննարկվում են «LEADER» մոտեցման մասսայականությունը և տեղայնացումը Հայաստանում։

Ներկաներին ողջունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ նշելով, որ ԵՄ-ն լայնածավալ ծրագրեր է իրականացրել ՀՀ մարզում՝ նպատակ ունենալով զարգացնել ՓՄՁ-ները, տուրիզմը, գյուղատնտեսությունը։ Այս ծրագիրը ևս կնպաստի համայնքների կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ հիմնվելով ԵՄ երկրներում փորձարկված և հաջողությամբ կիրառվող «LEADER» մեթոդաբանության վրա։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ընդգծել է ծրագրի կարևորությունը Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում, ինչպես նաև նոր ակտիվ թիմերի ներգրավումը այս գործընթացներում` օգտագործելով արդեն ունեցած հաջողված փորձառությունները: Փոխնախարարի խոսքով. «Շիրակում «LEADER»-ի հաջողությունը երաշխավորված է, քանի որ այստեղ մենք ունենք ակտիվ և նախաձեռնող բնակչություն, պատրաստակամ կազմակերպություններ և պետական կառույցներ»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, շնորհակալություն հայտնելով միջազգային գործընկերներին երկարատև և արդյունավետ համագործակցության համար, հավելել է, որ նախարարությունը պատրաստակամ է բոլոր ծրագրերում ներդրումներ ունենալ հանուն գյուղական համայնքներում նորարարական մոտեցումների և համայնքային կառավարման և որոշումների կայացման հարցերում երիտասարդության ակտիվ ներգրավման։

Միջոցառման ընթացքում պանելային քննարկումների միջոցով «LEADER» քաղաքականության համակարգող Իվոնա Լիշտվան, Ավստրիայի գյուղատնտեսության, մարզերի և տուրիզմի նախարարության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մարկուս Հոփֆները և միջազգային փորձագետները ներկայացրել են «LEADER»-ի 30 տարվա միջազգային պրակտիկան, ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև ծրագրի նպատակները, խնդիրները, նախատեսված միջոցառումները և մինչ այժմ իրականացված գործողությունները։ Քննարկումներ են անցկացվել «LEADER» մոտեցման և Հայաստանի տարածքային ու գյուղերի զարգացման օրակարգի փոխգործակցության և փոխլրացման, «LEADER»-ի կառավարման կառուցվածքի և նախարարությունների, մարզպետարանների ու տեղական ակտիվ խմբերի մակարդակներում իրականացման համակարգի վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին