Նորություններ

Լրատվություն

Նոյեմբերի 16-ին կայացել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ

16.11.2021

Նոյեմբերի 16-ին կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով:

Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:

Կայանի արդիականացումը սկսվեց 2015 թվականին, և այդ ժամանակահատվածում կայանում իրականացվեց կայանի անվտանգության բարձրացման, արքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով: ԱԷԿ-ում իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ տվեց վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:

Այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ընդգծել է, որ Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։ «Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը։ Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը», -ասել է նախարար Սանոսյանը։

«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային
կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ: Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի
միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ №2 էներգաբլոկը համապատասխանում է մենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով», - նշել է «Ռոսատոմ» պետական
կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:

Ռոսատոմի ձեռնարկությունների մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների համաձայն ՝ Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս շահագործել այն ևս 10 տարի:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ներկայացուցիչները (ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն)՝ Եվգենի Սալկովը, գլխավոր տնօրեն Վլադիմիր Բրեդովը, համալիր նախագծերի բաժնի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիրիդենկոն:

Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին