Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը

12.11.2021

 ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր տեսակապի միջոցով մասնակցել է Համաշխարհային բանկի պատվիրակության հետ հանդիպմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև համագործակցության շրջանակներում իրականացվող
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ընթացքը։ Ծրագիրը մեկնարկել է դեռևս 2013 թվականից։

Նախարարը ողջունել է հանդիպման մասնակիցներին և բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը։ Ըստ նախարարի՝ այն համայնքներում, որտեղ իրականացվել է այս ծրագիրը՝ հսկայական դեր և նշանակություն է ունեցել, համայնքային կյանքում պատկեր և մթնոլորտ է փոխվել։ Նախարարի խոսքով՝ եկող տարի ծրագիրը կավարտվի, քանի որ մոտ 7 կմ է մնացել, սակայն նախարարությունը ցանկություն ունի ծրագիրը շարունակել։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Քերոլին Գեգինատն իր հերթին ընդգծել է, որ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիրը» լավագույն կատարողականն ապահոված ծրագրերից մեկն է և բավական երկար պատմություն ունի։

Տիկին Գեգինատը գոհունակություն է հայտնել, որ նախարարությունը հակված է տրանսպորտային ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը շարունակել և տեղեկացրել է, որ նախատեսում են առաջիկայում անդրադարձ կատարել նաև ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված հարցերին, քանի որ Հայաստանում վթարների ցուցանիշը բավական բարձր է։ «Մենք պատրաստ ենք աջակցել ձեզ իրավիճակը փոփոխելու համար»,-ասել է տիկին Գեգինատը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «կանաչ տրանպորտի» թեմային։ Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը անցած տարվանից սկսած արտոնություն է սահմանել էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաների ներկրման համար, ինչը հանգեցրել է նրան, որ 6-7 անգամ ավելացել է էլեկտրոմոբիլների ներկրումը։ Կառավարությունը քննարկում է այդ արտոնության ժամկետը երկարացնել, որպեսզի ավելի մեծ թվով էլեկտրոմոբիլներ ներկրվեն։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին