Նորություններ

Լրատվություն

ԵՄ-ն եւ ՄԱԶԾ-ն մեկնարկում են «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը Հայաստանում

12.11.2021

Եվրոպական միությունը Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի հետ միասին այսօր մեկնարկել է «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) ծրագիրը։ ՀՀՏԶ ծրագիրը կգործի մինչեւ 2024 թվականը եւ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) երկրներում տեղական կառավարման մարմիններին կխրախուսի զարգացման նորարարական մեթոդներ կիրառել, որոնք արդար մոտեցում կապահովեն բոլորի նկատմամբ, միեւնույն ժամանակ բարենպաստ ազդեցություն ունենալով շրջակա միջավայրի վրա:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող ՀՀՏԶ ծրագրի պաշտոնական բացմանը։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Սանոսյանը նշել է, որ Հայաստանը մոտենում է տարիներ առաջ երկրում սկսված վարչատարածքային բարեփոխումների ավարտի վերջնական հանգրվանին, ինչի արդյունքում ունենալու է միավորված 79 համայնք։ «Նոր համայնքների ձևավորմանը զուգահեռ մենք՝ որպես պետություն, պետք է ուժեղ և հուսալի ձեռք մեկնենք նրանց՝ աջակցելով տեղական տնտեսական զարգացման շարունակական խթանմանը, համայնքների կարողությունների զարգացմանը, լիազորությունների ապակենտրոնացման նոր օրակարգի ձևավորմանը,
բավարար ծառայությունների ապահովմանը՝ նպաստելով մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։
Լավատես եմ արդյունքների առումով, որոնց հնարավոր է հասնել` հիմնվելով մեր կառավարության
շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության, միջազգային կառույցների և հատկապես Եվրոմիության ու Միավորված ազգերի կազմակերպության կողմից ցուցաբերվող արժեքավոր աջակցության վրա»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ լիահույս է, որ այս նոր ծրագիրն աջակցելու է մեր համայնքներին՝ կիրառելու զարգացման նորարարական մեթոդներ, կարողությունների շարունակական զարգացմանը զուգընթաց՝ ֆինանսավորման նոր հնարավորություններ, որպեսզի համայնքները կարողանան դառնալ երկրի տնտեսական զարգացման շարժիչները, օգտագործեն իրենց մարտավարական դիրքն ու հնարավորությունները՝ ուղղված Հայաստանի տնտեսական զարգացման շարունակական խթանմանը։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը իր հերթին ընդգծել է, որ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության միջոցով Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի տեղական իշխանություններին բարդ մարտահրավերների վերաբերյալ նորարարական լուծումներ գտնելու գործում` շեշտը դնելով կայուն տնտեսական աճի, աշխատեղերի ստեղծման և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա։

«Զարգացման մարտահրավերներին նորարարությամբ եւ նոր մոտեցումներով դիմագրավելը ՄԱԶԾ մանդատի հիմնաքարն է։ ՀՀՏԶ-ն համապատասխան եւ յուրաժամանակյա մեխանիզմ է, որը ջանում է սատարել բարդ ճգնաժամից տեղական համայնքների վերականգնման գործընթացին: Այն նպատակ ունի զարգացնել համապատասխան գործընկերների կարողությունները՝ ի նպաստ ներառական եւ «կանաչ» տնտեսական վերականգնմանն ու աշխատատեղերի ստեղծմանը: Համայնքները կմշակեն եւ կիրականացնեն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի միանգամայն նոր սերունդ, որը համահունչ է լավ կառավարման, գենդերային հավասարության, ներառականության եւ համայնքային պլանավորման նորարարությունների սկզբունքներին», - նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի կյանքի կոչման նպատակով ՄԱԶԾ-ն ԵՄ-ի հետ համատեղ «պորտֆելային» նոր մոտեցում կներդնի, որը ներկայում փորձարկվում է կազմակերպության ներսում։ Ավելին, ՀՀՏԶ ցանցում ներառված քաղաքները մեծապես կշահեն դասընթացների ու գիտելիքի փոխանակման միջոցառումներից, որոնք ուղղված են տնտեսական աճի նորարարական ռազմավարությունների մշակմանը։ Սա ներառում է աջակցություն տեղական տնտեսական զարգացման ծրագրերի նոր սերնդի մշակմանը, ռազմավարական մտածողությանն ու քաղաքային դիմակայունության ձեւավորմանը։ Համայնքները կարող են դիմել պորտֆելների համար ամեն տարի հայտարարվող հետաքրքրվածության հայտերի ու նորարարական առաջարկների ներկայացման հրավերներին։

Նախաձեռնության առաջին փուլում Հայաստանի 30-ից ավել համայնքներ մշակել եւ իրականացրել են տեղական տնտեսական զարգացման բարելավված ծրագրեր։ Կարողությունների շարունակական զարգացման շրջանակում ծրագիրը տեղական կառավարման մարմիններին ֆինանսավորման հնարավորություններ կտրամադրի, եւ համայնքներն իրենց իսկ նորարարական լուծումները կմշակեն ու կիրականացնեն՝ համայնքային զարգացմումը խթանելու եւ թափ հաղորդելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին