Նորություններ

Լրատվություն

«Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովի ընթացքում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված թեմաներ

12.11.2021

Երեկ ավարտվել են «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողովի աշխատանքները։
Համաժողովի երկրորդ օրվա ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ակտիվների կառավարմանը, ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կիրառմանը, ճանապարհային անվտանգության միջազգային հեռանկարներին, ասֆալտապատ ծածկերի համար էկոկայուն լուծումներին և բազմաթիվ այլ թեմաների։ Թեմատիկ յուրաքանչյուր նիստից հետո տեղի են ունեցել պանելային քննարկումներ, որոնց ընթացքում ոլորտային պատասխանատուներ, փորձագետներ ներկայացրել են տվյալ ուղղությամբ Հայաստանում իրականացվող քայլերը, առաջարկել նոր մոտեցումներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ճանապարհաշինության ոլորտում կատարվող աշխատանքներում շատ կարևոր է արդյունավետությունն ու ծախսարդյունավետ լուծումների կիրառումը։ Ըստ նրա՝ նորագույն տեխնոլոգիաները, տվյալների վերլուծությունները պետք է դրվեն կայացվող որոշումների հիմքում։

«Ճանապարհային դեպարտամենտի» գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը, անդրադառնալով ճանապարհների և ենթակառուցվածքների նախագծման և կառուցման մեջ սկաներային համակարգերի կիրառման թեմային, նշել է, որ ԽՍՀՄ տարիներից հետո մեզ չեն հասել Հայաստանի ճանապարհային ցանցի անձնագրավորման տվյալները։ Այսօր աշխատանքներ են տարվում այդ տվյալների թվայնացման և անձնագրավորված ճանապարհային ցանց ունենալու ուղղությամբ։ Պարոն Մաչյանը կարևորել է ոչ միայն տեղեկատվության հավաքագրումը, այլև ինֆորմացիայի մշակման գործընթացը, որպեսզի լիազոր ու իրականացնող մարմինները հնարավորություն ունենան այդ տվյալներն օգտագործել որոշումների կայացման ժամանակ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը պանելային քննարկման ընթացքում շեշտել է, որ ճանապարհային ոլորտում այն խնդիրները, որոնք կապված են թվայնացման, տեխնոլոգիաների ներդրման հետ, պատկերացնելի են։ «Հայաստանն իր տեխնոլոգիական ներուժով ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի մասնակցի համաժողովի ընթացքում բարձրացված խնդիրների լուծմանը»,- ասել է փոխնախարարը՝ առանձնացնելով նաև միջգերատեսչական քննարկումների անհրաժեշտությունը։

Համաժողովի ընթացքում կարևորվել է ենթակառուցվածքների զարգացման գործում էկոլոգիական նյութերի կիրառումը։ Ասիական զարգացման բանկի Կենտորոնական և Արևմտյան Ասիայի վարչության շրջակա միջավայրի մասնագետ Արմինե Եդիգարյանը, մասնավորապես, նշել է, որ շինարարությունն այն ոլորտն է, որը սպառում է ռեսուրսներ՝ ավազ, խիճ, քար և այլն։ Տիկին Եդիգարյանն ընդգծել է, որ մասնավոր ու պետական սեկտորները պետք է համագործակցեն, որպեսզի ուղիներ գտնեն բնական ռեսուրսները քիչ սպառելու համար։ Նա շեշտել է ռեսուրսների խնայողության երկու ճանապարհ՝ տեխնիկական մասնագրերում ներառել հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելու վերաբերյալ պահանջ և գնումների գործընթացում քիչ ռեսուրսներ օգտագործող կազմակերպության առաջարկին ավելի բարձր բալեր հավաքելու հնարավորություն տալ։

Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշել է, որ Ճանապարհային դեպարտամենտը՝ որպես խոշոր ենթակառուցվածքներում ծրագրեր իրականացնող մարմին, կարևորում է օգտագործված նյութերի վերամշակումն ու աշխատանքների արդյունավետության բարձրացումը։ Պետական բյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերում ավելի շատ է կիրառվում ասֆալտի սառը վերամշակման տեխնոլոգիան. 2021թ. ճանապարհաշինական աշխատանքների մոտ 65%-ը պատվիրվել է հենց այդ տեխնոլոգիայով։ Ըստ պարոն Մաչյանի՝ նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ աշխատանքների արդյունավետության բարձրացումը, նյութերի ավելի ռացիոնալ կիրառումը կբերեն կանաչ տնտեսության զարգացմանը։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանը բարձր է գնահատել «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» համաժողովի աշխատանքները։ Նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումն աննախադեպ է. «Հայաստանում առաջին անգամ է ոլորտային նման քննարկում կազմակերպվում, որտեղ ներգրավված են գիտահետազոտական, կրթական-ակադեմիական, պետական, մասնավոր, հասարակական հատվածների, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա շատ կարևոր հարթակ է, որտեղ մասնագետները փոխանակում են մտքեր, տեսակետներ ներկայացնում, բանավիճում, ինչի արդյունքում կարող են լուծումներ գտնել, որոշումներ կայացնել և ներկայացնել կառավարման մարմիններին՝ կիրառության համար»։

Հիշեցնենք, որ «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողովը կազմակերպել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին