Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է «Ակցիոնա» ընկերության Եվրոպայի Ասիայի և Աֆրիկայի բիզնես զարգացման տնօրենին

11.11.2021

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ ընդունել է «Ակցիոնա» ընկերության Եվրոպայի Ասիայի և Աֆրիկայի բիզնես զարգացման տնօրեն Միգել Արարաս Պանոսիին։
Հանդիպման նպատակն էր նախարարին տեղեկացնել, թե ընկերության կողմից Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում նախատեսվող հողմային կայանների կառուցման ներդրումային ծրագիրն ինչ փուլում է, ինչ աշխատանք է կատարվել և ինչ քայլեր պետք է իրականացվեն ծրագիրը շարունակելու համար։

2017թ. մարտի 31-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Ակցիոնա» ընկերության միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում հողմային էլեկտրակայանների կառուցման ծրագրի վերաբերյալ: Այդ հուշագրով նախատեսվում է ՀՀ-ում 200 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանների կառուցում: Դեռևս 2017 թ․ դեկտեմբերին ընկերությունը սկսել է քամու ներուժի գնահատման աշխատանքներ իրականացնել:
Ծրագիրն ընդգրկում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի 12 համայնքներ, որից 7 -ը ելնելով իրենց աշխարհագրական դիրքից, ընտրվել են Գեղարքունիքի մարզից: Հողմակայանի կառուցման նախագծային և նախապատրաստական բնույթի մի շարք աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են վերջին 4-5 տարիների ընթացքում:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 37 տուրբինների տեղադրում 202 մեգավատ հզորությամբ։ Խոսք է գնում շուրջ 276 միլիոն դոլար ներդրման մասին:

Ըստ Միգել Արարասի՝ ծրագրի իրականացման լավագույն տարբերակը կլինի այն, որ իրենք 2022 թվականին ստանան շինարարական թույլտվություն, 2023-2024 թվականների ընթացքում իրականացնեն տուրբինների տեղադրման աշխատանքներ, իսկ 2025 թվականից արդեն գործարկեն դրանք, և սկսվի կայանների շահագործումը: Իսկ հիմնական նպատակին հասնելու համար իրենք արդեն անհրաժեշտություն ունեն հողային իրավունքների ժամանակավոր և մշտական ձեռքբերման, որի կանոնակարգման հարցում ակնկալում են ՀՀ կառավարության, մարզպետարանի և ազդակիր համայնքների աջակցությունը։

Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ կառավարությունն այս ոլորտի զարգացումը կարևորում է, նախատեսվում է առաջիկա 5 տարում մինչև 500 ՄՎտ հզորությամբ քամու կայաններ ունենալ Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է «Ակցիոնա» ընկերության ծրագրին, ապա հիմնական հարցը վերաբերում է սակագնին և եթե այդ մասով վերջնական որոշում, համաձայնություն լինի, ապա ծրագրի շուրջ աշխատանքները կարող են շարունակվել և ավարտին հասցվել։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին