Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Շիրակի մարզում մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին

10.11.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Շիրակի մարզում մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանին:

Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանին բարդ ժամանակահատվածում մարզպետի պաշտոնը զբաղեցնելու և իրականացրած աշխատանքի համար։

Այնուհետև նախարարը շնորհավորել է Նազելի Բաղդասարյանին չափազանց կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ։ Նախարարը նշել է, որ մարզում բազմաթիվ խնդիրներ կան, մեծ աշխատանք կա անելու, բայց Բաղդասարյանը մարզին լավ գիտի, քաջատեղյակ է խնդիրներին և հնարավոր կլինի լուծում տալ այդ խնդիրներին։

Համատեղ աշխատանքի համար ներկաներին շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ով օրերս նշանակվեց ՏԿԵ նախարարի տեղակալ։ Հարությունյանը ընդգծել է, որ մարզպետարանում համատեղ աշխատանքի յուրաքանչյուր օրը եղել է կարևոր ու պատասխանատու, քանի որ եղել է մեկ խնդիր՝ լուծել հետպատերազմյան ժամանակաշրջանում առաջացած բազմաթիվ խնդիրներ։ Դրանց մի մասին լուծում է տրվել, իսկ այն, ինչ չեն հասցրել անել, Հարությունյանը վստահություն է հայտնել, որ տիկին Բաղդասարյանն իր կառավարչական հմտություններով կկարողանա այդ խնդիրները ևս լուծել։

Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում նոր պաշտոնը․ «Ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել Շիրակի մարզպետի պատվաբեր պաշտոնը։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, որ կստանձնի այս պաշտոնը պետք է կարողանա ըստ արժանվույն ծառայել և այդ ծառայությունը կլինի անկեղծության հենքով և ազնիվ աշխատանքով։ Ես գիտակցել եմ, որ գալիս եմ խնդրաշատ մարզ և այդ խնդիրների լուծմանը պետք է միտված լինեն իմ ջանքերը։ Ես վստահեցնում եմ, որ հետևողական աշխատանքով կկարողանամ մարզի բնակչության առջև ներկայանալ պարզճակատ։ Միայն նվիրումն ու հետևողական աշխատանքը կբերի մեզ արդյունքների»,-ասել է Շիրակի նորանշանակ մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին