Նորություններ

Լրատվություն

ՏԿԵՆ նախաձեռնությամբ անցկացվում է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողով

10.11.2021

Մեկնարկել է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով երկօրյա համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ ՏԿԵ նախարարությունը՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է համաժողովի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով։ Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է ոլորտի բոլոր դերակատարների հետ՝ գիտությունից, նախագծումից մինչև բուն շինարարական աշխատանք, համատեղ քննարկումների անցկացումը, ինչը հնարավորություն կտա հարցերն ավելի խորքային ու համապարփակ քննարկել։ Նախարարը հույս է հայտնել, որ աշխատաժողովը կդառնա լավ հարթակ՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների, նորարարությունների ներդրման հնարավորությունները քննարկելու, ճանապարհաշինական նոր ուղղությունները ուղենշելու համար։
Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին աջակցության համար և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

ԱԶԲ տարածաշրջանային տնօրեն Պաուլո Սպանտիգատին իր ողջույնի խոսքում կարևորել է նմանատիպ քննարկումները, նշել , որ ԱԶԲ-ն ՀՀ կառավարության հետ տարիներ շարունակ տրանսպորտի ոլորտի տարբեր ծրագրեր է իրականացրել, որտեղ կարևորել է նոր մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառումը։Նա շնորհակալություն է հայտնել նախարարությանը համաժողովի կազմակերպման համար և ակնկալել, որ երկու օրերի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն օրակարգի հարցերի շուրջ։
Համաժողովը բաղկացած է հինգ հիմնական նիստերից՝ «Տրանսպորտի ոլորտի զարգացումը։ Ճանապարհային ենթակառուցվածք», «Ապագա ճանապարհաշինություն, նոր մեթոդներ և մոտեցումներ», «Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում», «Նոր տեխնոլոգիաներ», «Կանաչ ենթակառուցվածք. էկոլոգիական նյութերի կիրառում» թեմաներով։ Յուրաքանչյուր նիստի ավարտից հետո տեղի կունենան պանելային քննարկումներ։

Համաժողովի մասնակիցներին առցանց ողջունել է նաև ԱԶԲ տրանսպորտի և հաղորդակցության բաժնի տնօրեն Հիդիկի Իվասակին։

Ըստ ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ այս քննարկումները կօգնեն հասկանալ, թե ինչպես է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտն արձագանքելու նորարարություններին և ինչ նոր տեխնոլոգիաներ կարելի է կիրառել Հայաստանում։ Փոխնախարարի խոսքով՝ թե՛ ճանապարհային ոլորտի առաջիկա ռազմավարության մեջ, և՛ թե կառավարության գործունեության ծրագրում բավարար տեղ է հատկացված նորարարություններին, որի նպատակը շինարարարական նոր մեթոդների ու լուծումների կիրառման միջոցով ճանապարհային ցանցի մրցունակության և անվտանգության բարձրացումն է։

Երկօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ ՏԿԵ նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ԱԶ բանկի, ՃՇՀ համալսարանի, Քաղաքաշինության կոմիտեի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին