Նորություններ

Լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենին

04.11.2021

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի առաքելության գրասենյակի պատվիրակությանը՝ կազմակերպության կողմից հրավիրված միգրացիայի հարցերով միջազգային փորձագետ Կլաուս Ֆոլդենի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Վաչե Տերտերյանը ողջունել է Կլաուս Ֆոլդենի այցը Հայաստան և կարևորել այն առաքելությունը, որով նա ժամանել է, ընդգծելով, որ Հայաստանը միգրացիոն քաղաքականության մշակման գործընթացներում մշտապես ունեցել է միջազգային կազմակերպությունների աջակցությունը։ «Գոհունակությամբ արձանագրում եմ, որ այս ոլորտում ունենք շատ պրոֆեսիոնալ հանրույթ, ի դեմս հասարակական կազմակերպությունների, որոնցից շատերը նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների մանդատ ունեն։ Այս ամենի արդյունքում միգրացիոն գործընթացները Հայաստանում իրականացվում են հրապարակային քննարկումների և միջազգային փորձագիտական աջակցության միջավայրում»,-նշել է Վ․ Տերտերյանը։

ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայումս Հայաստանը ձեռնամուխ է եղել միգրացիոն նոր ռազմավարության մշակմանը, որը ըստ նրա, հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջանում առկա մարտահրավերները, պետք է հնարավորինս ճկուն լինի և ընդգրկի այն բոլոր ռիսկերը, գործոնները, որոնք կան այսօր և տեսանելի են մոտ ապագայում։ Վաչե Տերտերյանը կարևորել է նաև միգրացիոն կարգավորման գործընթացներում համայնքներին գործնական դերակատարություն հատկացնելու, նրանց ներգրավելու հարցը։

ՄՄԿ փորձագետ Կլաուս Ֆոլդենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ իր առաքելության շրջանակում նախատեսում է հանդիպել ՀՀ իրավասու պետական մարմինների, միգրացիոն գործընթացներում ներգրավված կառույցների հետ՝ Հայաստանի միգրացիոն նոր ռազմավարության մշակման աշխատանքներում աջակցություն տրամադրելու նպատակով։ Կլաուս Ֆոլդենը նշել է, որ 15 տարի առաջ մասնակցել է հայկական միգրացիոն գործընթացներին աջակցություն տրամադրելուն և, ոլորտում ձևավորված քաղաքականությունն ուսումնասիրելով` այսօր կարող է ասել, որ այս նոր գործընթացը շատ ամուր հիմքերի վրա է կառուցվելու։
Նա հույս է հայտնել, որ իր առաքելության շրջանակում հանդիպումների արդյունքում կկարողանա որոշակի առաջարկություններով հանդես գալ։

Հանդիպմանը ՄՄԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են նոր ռազմավարության դրույթներին, միգրացիոն գործընթացների կարգավորմանը վերաբերող մի շարք այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին