Նորություններ

Լրատվություն

Քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը վերաբերող հարցեր

03.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵ նախարարության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի էներգահամակարգի պետական բաժնեմասով ընկերությունների և ՀՀ-ում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման գործընթացի, շուկայում էլեկտրոնային առևտրի կազմակերպման փորձարկման և տեղայնացման փուլում գտնվող ծրագրի հետ կապված խնդիրները։ Լսվել են մասնակիցների կարծիքներն ու առաջարկությունները։
2022թ․ փետրվարի 1-ից էլեկտրաէներգետիկական շուկայի գործարկմանն ընդառաջ նախարարն ընդգծել է գործընթացի պատշաճ կազմակերպման կարևորությունը, էներգահամակարգի հուսալիությունն ու կայնությունն ապահովելը՝ հաշվի առնելով նաև շուկայի բոլոր մասնակիցների շահերը։

Նախարարը, գնահատելով մինչ այժմ կատարված աշխատանքները, հանձնարարել է այսուհետ ևս հետևողականորեն լուծել առաջացող բոլոր խնդիրները՝ շուկայի ազատականացման մեկնարկը հնարավորինս սահուն սկսելու համար։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շուկայի ազատականացման հետ կապված տարբեր ձևաչափերով ամենշաբաթյա մասնագիտական քննարկումներ անցկացնելու վերաբերյալ։
----------------------------------
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ 2018թ.-ից իրականացվում է «Շուկայի ազատականացում և էլեկտրաէներգիայի առևտուր» (Market Liberalization & Electricity Trade Program/MLET) ծրագիրը, որի արժեքը կազմում է 8 մլն ԱՄՆ դոլար, տևողությունը՝ 5 տարի: Ծրագիրն ուղղված է Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի փուլային ազատականացմանը։ Այս համատեքստում մշակվել են մի շարք օրենսդրական, իրավական ակտեր։ Փորձնական գործարկման փուլում է էլեկտրաէներգետիկայի շուկայի էլեկտրոնային ծրագիրը։ Լիարժեք գործարկումը նախատեսվում է 2022թ․ փետրվարի 1-ից։
Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր գործիքակազմը հնարավորություն կստեղծի մրցակցային տարրերի ներդրմանը, ինչպես նաև կխթանի էլեկտրաէներգետիկայի միջսահմանային առևտրի զարգացմանը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին