Նորություններ

Լրատվություն

Երևանում անցկացվել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով աշխատաժողով

08.10.2021

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը մասնակցել է Հայաստանի ճանապարհների նախագծման չափանիշների և ընթացակարգերի վերանայման թեմայով հրավիրված աշխատաժողովին։ Այն անցկացվել է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող և ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել է ծրագրի խորհրդատու «CeS.TRA» d.o.o. ինստիտուտը։
Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարության, միջազգային դոնոր կառույցների, նախագծող, ճանապարհաշինական կազմակերպությունների, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, ՀԿ-ների և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, կարևորելով նախաձեռնությունը, ներկայացրել է մանրամասներ ճանապարհային ոլորտի քաղաքականության, ինչպես նաև Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման մինչև 2040 թվականի ռազմավարության մշակման վերաբերյալ։ Ըստ փոխնախարարի՝ ճանապարհային անվտանգության բարելավումը Հայաստանի առաջնահերթություններից է, այն դրված է ազգային քաղաքականության առանցքում։ «ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը մանրամասն անդրադառնում է ճանապարհային անվտանգության խնդիրներին, ինչի լուծման ուղղությամբ միջոցառումների մի ամբողջ շրջանակ է նախատեսված։ Այդ միջոցառումների հիմնական նպատակն է հնարավորինս կանխարգելել և նվազեցնել Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ներդնել Եվրոպական միության հրահանգների ու միջազգային լավագույն փորձի վրա հիմնված ճանապարհային անվտանգության արդիական համակարգ»,- նշել է փոխնախարարը՝ շեշտելով, որ ՀՀ կառավարությունն այս հարցում վճռական է. պետական հատվածի շատ գործընկերներ միավորել են ջանքերն այս ուղղությամբ, մշակվում են ծրագրեր նաև դոնոր կազմակերպությունների աջակցությամբ։
Տիկին Ղալեչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման մինչև 2040 թվականի ռազմավարության շրջանակներում մշակվում է նաև ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունը, ԵՄ մի շարք հրահանգներ պետք է տեղայնացվեն ազգային օրենսդրության մեջ։ Այս համատեքստում ծրագրվում է ներդնել և կիրառել ճանապարհային անվտանգության աուդիտի ինստիտուտը, ընդունել վթարավտանգ կետերի կառավարման ժամանակակից մոդել, սահմանել ինստիտուցիոնալ լայն շրջանակ, կատարել օրենսդրական համապատասխան փոփոխություններ, որոնք կնպաստեն առաջիկա տարիներին հանրապետությունում ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցմանը։
Ճանապարհային անվտանգության միջազգային փորձագետ Մեթ Չեմբերլենը աշխատաժողովի մասնակիցների հետ խոսել է նախագծման չափանիշների, ճանապարհային անվտանգության խնդիրների, անվտանգ ցանցի պլանավորման, ճանապարհների նախագծման, անվտանգ համակարգի ապահովման գործընթացում մարդկային գործոնի և այլ թեմաների մասին։ Փորձագետն ընդգծել է, որ ճանապարհային անվտանգության ապահովման հարցում մեծ դեր ունեն բազմաթիվ հարակից խնդիրներ՝ երթևեկության ինտենսիվություն, հողերի ձեռքբերում, երթևեկության մասնակիցներ, ճանապարհն օգտագործողներ, ճանապարհի սպասարկում և այլն։ Եվ բոլոր այդ գործոնները պետք է դիտարկվեն համալիր՝ մեկ համատեքստում։ Մեթ Չեմբերլենն անդրադարձել է նաև ճանապարհային անվտանգության ապահովման միջազգային չափորոշիչներին։
Աշխատաժողովն անցել է շահագրգիռ քննարկումների մթնոլորտում. միջազգային փորձագետը պատասխանել է նաև մասնագետների հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին