Նորություններ

Լրատվություն

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին

16.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։

Նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը և ցանկություն հայտնել առաջիկայում ավելի խորացնել այն:

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Մարտինա Շմիդտն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում սպասվող վարչատարածքային բարեփոխումներին։

Նախարարն իր հերթին կարևորել է առաջիկայում սպասվող բարեփոխումների գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը։ Նախարարն ընդգծել է, որ արդեն իսկ խոշորացված համայնքներում հաջողությամբ շարունակում են ներդրվել լավ կառավարման 12 սկզբունքները, որոնք կշարունակեն ներդրվել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։ Նախարարը նշել է, որ խոշորացման այս փուլում առանձին ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին, և խոշորացման արդյունքում նախատեսվող 77 համայնքից առնվազն 6-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին համայնքներ։

Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ դիմել են ԵԽ-ին առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով։

Եվրոպայի խորհուրդը Հայաստանում երկու խոշոր ծրագիր է իրականացում՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում», որոնց հիմնական շահառուները խոշորացված համայնքներն են։ Հանդիպման ժամանակ քննարկվել է անցած 3 տարվա ընթացքում ձեռք բերված փորձը կիրառել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։

Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ առավել մանրամասն քննարկելու առկա ծրագրերը։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին