Նորություններ

Լրատվություն

ՀՀ- ում ՄԹ դեսպանի հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

01.09.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ- ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպմանը մասնակցել է դեսպանության առևտրի և զարգացման հարցերով պատասխանատու Արտաշես Դավթյանը։

Շնորհավորելով նախարարին նշանակման առթիվ և մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում՝ դեսպանը դրական, կառուցողական համագործակցության ձևավորման վստահություն է հայտնել։ Ջոն Գալագերը կարծիք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և արդյունավետ համագործակցել փոխադարձ հետաքրքրություններ ներկայացնող ուղղություններով։

Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հաստատել է, որ արդեն իսկ ձևավորված հարաբերությունները խորացնելու ու բազմաթիվ նոր ուղղություններով համագործակցությունը զարգացնելու ներուժ կա։ Նախարարը հավելել է, որ նախարարության համակարգման շրջանակը բավականին մեծ է, ինչը համագործակցության լայն հնարավորություններ է ստեղծում։ «Մենք այս ոլորտներում բազմաթիվ ընթացիկ և նոր ծրագրեր ունենք։ Կարծում եմ՝ մեր բրիտանացի գործընկերների փորձը, գիտելիքներն ու կարողությունները կարող են մեզ օգտակար լինել»,-ասել է նախարարը՝ մասնավորապես նշելով, որ ենթակառուցվածքների ոլորտում ծրագրվում են լայնածավալ աշխատանքներ, որոնք միայն տեղական հզորություններով հնարավոր չէ իրականացնել, և առաջարկել է աջակցել մրցութային գործընթացներում բրիտանական ընկերություններ ներգրավելու հարցում։

Գնել Սանոսյանը նշել է, որ ողջունելի կլինի ճանապարհաշինության, էներգետիկ, ջրային ենթակառուցվածքների, էներգախնայող համակարգերի ստեղծման ոլորտներում իրականացվող ծրագրերում բրիտանացի ներդրողների մասնակցությունը և հետաքրքրվածությունը։

Դեսպանը Գալագերն իր հերթին պատրաստակամություն է հայտնել դիտարկել համագործակցության նոր հնարավորությունները, հավելելով, որ բրիտանական կողմը տեղեկացված է ենթակառուցվածքների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններից և հետաքրքրված է նշված ծրագրերում մասնակցություն ունենալու հարցերով։ Նա ընդգծել է, որ բրիտանական ընկերությունների հետ կքննարկվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային, ինչպես նաև ՀԱԷԿ-ի վերազինման ծրագրերում վերջիններիս մասնակցության հնարավորությունը, նշելով, որ բրիտանական ընկերությունները ունեն բավականին փորձառություն և կարողություններ այս ծրագրի շրջանակում նույնպես ներգրավվելու համար։
Դեսպանը տեղեկացրել է նաև Միացյալ Թագավորության Արտահանման ֆինանսավորման պետական գործակալության գործիքակազմից օգտվելու հնարավորությունների մասին։

Հանդիպմանը ՏԿԵ նախարարը և ՀՀ-ում ՄԹ դեսպանը քննարկել են նաև էներգետիկ ոլորտում երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրի ընթացքին, վերականգնվող էներգետիկայի՝ մասնավորապես արևային կայանների կառուցման հեռանկարներին, երկուստեք վերահաստատելով, որ համագործակցության չիրացված ներուժ կա։
Անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի ևս։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին