Նորություններ

Լրատվություն

Նախարար Սանոսյանն այսօր աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

19.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիր, Արագածոտնի մարզեր կատարած աշխատանքային այցի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքում աշխատակազմին է ներկայացրել Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տավրոս Սափեյանին։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի և համայնքի խնդիրների լուծմանն ուղղված ներդրման համար։
Շնորհավորելով Տավրոս Սափեյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան համայնքի խնդիրներով, հոգսերով զբաղվելու պատասխանատվություն, կամք և համառություն։

Գնել Սանոսյանի խոսքով՝ ինչպես Թալինում, այնպես էլ տարածաշրջանի մյուս բնակավայրերում անելիքներ շատ կան, որոնք պատերազմից հետո կրկնապատկվել են։ «Անհրաժեշտ է, որ մենք վերանայենք աշխատելու մեր մոտեցումները, յուրաքանչյուրս փորձենք նորովի վերաբերվել մեր պարտականություններին, նոր ջանքով ու եռանդով աշխատենք»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ այս փոփոխությունը ևս մեկ առիթ կհանդիսանա կատարված աշխատանքն արժևորելու, հին խնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղղությամբ համայնքի հետ համատեղ աշխատանքներն ակտիվացնելու համար։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նախկին ղեկավարին և շնորհավորելով Տավրոս Սափեյանին՝ հույս է հայտնել, որ նա իր աշխատանքի, համայնքի հետ համագործակցության արդյունքում կկարողանա լուծել համայնքի առջև ծառացած խնդիրները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Թալին համայնքի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր, մասնավորապես` անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի մատակարարմանն առնչվող հարցերի։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին