Նորություններ

Լրատվություն

Կառավարությունը հավանություն է տվել հանքարդյունահանող ընկերությունների վճարած ռոյալթիներից համայնքային մասհանումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությանը

12.08.2021

ՀՀ կառավարությունը օգոստոսի 12-ին կայացած նիստում որոշվել է հավանություն տալ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին և Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ առաջարկվող իրավական կարգավորման շնորհիվ կներդրվի ընդերքօգտագործման ոլորտից ստացված եկամուտների՝ ՀՀ ազդակիր համայնքներում արդարացի վերաբաշխման հայեցակարգ։

Ընդունված նախագծով մասնավորապես առաջարկվում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից օրենքով սահմանված չափով և կարգով հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2%-ից մասհանումներ (համայնքային մասհանում) կատարել ազդակիր համայնքների բյուջեների համար։ Համայնքային մասհանումը բաշխվում է համայնքների բյուջեների երկաստիճան համակարգով, որի համաձայն՝ մասհանման 50%-ը տվյալ ընդերքօգտագործող ընկերության շահագործած հանք(եր)ի ազդակիր համայնք(ներ)ին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափն է, և մնացած 50%-ը՝ ընդհանուր վերցրած՝ ՀՀ-ում ռոյալթի վճարող այլ ընդերքօգտագործող ընկերությունների կողմից շահագործվող հանք(եր)ի ազդակիր համայնքներին հավասարապես բաշխման ենթակա ընդհանուր ռոյալթիի չափն է (այն համայնքները, որոնց համայնքի բյուջետային ապահովվածության գործակիցը միջինից ցածր է՝ ըստ «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկների)։

Կառավարության օրենսդրական նախաձեռնության համաձայն՝ մասհանումների չափերը որոշելիս հիմք է ընդունվում նախորդ տարվա հունվարի 20-ի դրությամբ առաջիկա բյուջետային տարվան նախորդող երրորդ տարվա ռոյալթիի հարկային հաշվարկների հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարների առկա տվյալները: Բաշխված ռոյալթիների օգտագործման թափանցիկությունն ապահովելու նպատակով՝ համայնքներին բաշխված համայնքային մասհանումների ծախսերի մասով հաշվետվությունը առանձին կհրապարակվի տվյալ համայնքի և/կամ մարզի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ։ Նախատեսվում է, որ ռոյալթիների վերաբաշխումը նախատեսող օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թ․ հունվարի 1-ից։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունված նախագծի համաձայն՝ ազդակիր համայնքի ավագանին հաստատելու է ռոյալթիներից գոյացած գումարների ծախսման ծրագրերը և վերահսկելու է դրանց իրականացումը։

Օրենսդրական նախաձեռնության նպատակը համայնքների կայուն և շարունակական զարգացման նպատակով համայնքների բյուջետային հնարավորությունների մեծացման համար անհրաժեշտ օրենսդրական հենքի ստեղծումն է։ Ազդակիր համայնքները հնարավորություն կստանան բաշխված համայնքային ռոյալթին ուղղել լրացուցիչ բնապահպանական ծախսերին, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, աշխատատեղերի ստեղծման և այլ առաջնային ոլորտների ֆինանսավորմանը։ Ռոյալթիների բաշխման նախատեսվող կարգը կնպաստի ազդակիր համայնքների ծրագրերի իրականացման առումով կարողությունների զարգացմանը, որը այլ հավասար պայմաններում խոչընդոտվում էր համայնքում հանքարդյունահանության առկայությամբ: Արդյունքում, կմեղմվի զարգացվածության տեսանկյունից ազդակիր համայնքների և ՀՀ մյուս համայնքների միջև անհամաչափությունը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին