Նորություններ

Լրատվություն

Ճարտարագիտական ամառային դպրոցը նոր գիտելիքներ տվեց ուսանողներին

03.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և IRD Engineering (Իտալիա) ընկերության միջև ստորագրված հուշագրի շրջանակներում կազմակերպվեց Ճարտարագիտական ամառային դպրոց։ Այն նախատեսված էր Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողների՝ շինարար-ինժեներների, հարակից ոլորտների երիտասարդ մասնագետների համար։

Կրթական այս նախաձեռնությունը նպատակ ուներ երիտասարդ մասնագետներին հնարավորություն տալ ծանոթանալու ճանապարհաշինական միջազգային ծրագրերին, ձեռք բերելու կիրառական գիտելիքներ։

Ամառային դպրոցը բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլում մասնակիցները ինտերակտիվ դասախոսություններ ունկնդրեցին, որոնք ներկայացրին ինչպես տեղի, այնպես էլ տեսակապի միջոցով՝ ճանապարհաշինության ոլորտի միջազգային փորձագետները։ Մասնավորապես, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ներկայացրեց ճանապարհային ոլորտում պետական կառավարման գործընթացը, վարկային միջոցներով և պետբյուջեի հատկացումներով իրականացվող ընթացիկ ծրագրերը, ճանապարհաշինության ոլորտում պետական ռազմավարությունը, ոլորտի զարգացման ուղիներն ու հեռանկարները։

IRD Engineering ընկերության գործառնական ղեկավար Ֆաբիո Բուոնոմոն տեսակապի միջոցով անդրադարձավ միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից ֆինանսավորվող ծրագրերի պայմանագրերի տեսակներին, առանցքային դրույթներին խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակներում։ Ուսանողները հանդիպումներ և քննարկումներ ունեցան նաև բնապահպանության, սոցիալական ոլորտների մասնագետների հետ, որոնք նույնպես սերտ առնչություններ ունեն ճանապարհաշինության հետ։ Ներկայացվեցին նաև շինարարության տեխնիկական հսկողության, նախագծման հետ կապված մանրամասներ։

Տեսական փուլին հաջորդեց նաև գործնականը։ Ամառային դպրոցի ուսանողներն այցելեցին շինհրապարակներ, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3, որտեղ այս պահին կատարվում են ակտիվ շինարարական աշխատանքներ։

Սաթենիկ Հայրապետյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի է, ամառային դպրոցի սաներից է։ Խոսելով ամառային դպրոցի մասին՝ ուսանողուհին նկատում է, որ բազմաթիվ դասընթացների է մասնակցել, սակայն այս մեկը տարբերվում է բոլորից, քանի որ այն ավելի բազմակողմանի է։ Շեշտը դրվում է ճանապարհաշինության ընթացքում տարբեր գործոնների վրա, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանություն, սոցիալական ազդեցություններ ճանապարհաշինության ընթացքում, որոնց կարևորության մասին մինչ այս այնքան էլ պատկերացում չունեին։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին