Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրով փողոցների հիմնանորոգման աշխատանքների որակը

13.07.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի Թալին-Գյումրի հատվածում վերակառուցվող ճանապարհի շինարարական ակտիվ տեղամասեր կատարած շրջայցից հետո այցելել է Գյումրի՝ ծանոթանալու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակներում փողոցների հիմնանորոգման աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը ճանապարհային ոլորտի պատասխանատուների, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ շրջել է ծրագրի շրջանակներում ամբողջովին հիմնանորոգված Մայակովսկի փողոցում, ծանոթացել է նաև դրան հատող Մադոյան, Մատնիշյան, Մազմանյան փողոցներում կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին։

Սուրեն Պապիկյանը դրական է գնահատել կատարված աշխատանքների, մասնավորապես փողոցների երկշերտ ասֆալտի, մայթերի որակը, ինչպես նաև նախորդ տարի վերհանված թերությունների շտկման արդյունքները։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների շնորհիվ Գյումրիի պատկերը շատ է փոխվում՝ նշելով, որ այդ ուղղությամբ դրված խնդիրը կարողանում են հետևողականորեն լուծել։ Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ, Գյումրիի պատկերն էականորեն կփոխվի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող՝ Գյումրիի «Սլաբոդկա» թաղամասի վերակառուցման ծրագրի իրագործումից հետո, որը միտված է քաղաքի զբոսաշրջային ներուժի զարգացմանը։

Գյումրի կատարած այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզպետի և Գյումրիի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաև ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիայի ծրագրի շրջանակներում (50-50% հարաբերակցությամբ) Գյումրու համայնքապետարանի ձեռք բերած նոր միկրոավտոբուսների խմբաքանակին: Ծրագրի շրջանակներում գնված 67 մեքենաներից 5-ը հարմարեցված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի վարկային (շուրջ 14․6 միլիոն եվրո արժողությամբ) և դրամաշնորհային (շուրջ 8․9 միլիոն եվրո) համաձայնագրերը ՀՀ և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են 2016 թ․։ Ծրագրի նպատակն է Գյումրիում ունենալ բարեկարգ փողոցներ և արտաքին լուսավորության արդիական ցանց։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին