Նորություններ
Լրատվություն
Արմեն Սիմոնյանն ընդունել է ղազախական պատվիրակությանը
13.05.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրացիայի նախարարի տեղակալ Կայրատ Տորեբաևի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ և ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության համատեքստում տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին։ Երկուստեք կարևորվել է Երևան - Նուր-Սուլթան ուղիղ ավիահաղորդակցության վերագործարկումը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտում, ինչպես նաև ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ավիացիոն ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության հնարավորություններին։ Հանդիպման ավարտին Արմեն Սիմոնյանը և Կայրատ Տորեբաևը պայմանավորվել են մայիսի 27-28-ին Նուր-Սուլթանում կայանալիք՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին ընդառաջ երկկողմ գործակցությանն առնչվող հարցերի համատեղ փորձագիտական քննարկման վերաբերյալ։