Նորություններ

Լրատվություն

Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին

04.05.2021

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակցել են ՏԿԵՆ-ի նախաձեռնությամբ կազմակերպվող՝ Փորձագիտական եռօրյա հանդիպում-քննարկումների շարքի (Peer Review) առաջին տեսակոնֆերանսին՝ «Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով։

Հանդիպումները, որոնք ընթանալու են ՏԿԵՆ բարձրաստիճան պաշտոնյաների, խոշորացված համայնքների ներկայացուցիչների, համապատասխան շահագրգիռ կողմերի և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ԵԽ «Ժողովրդավարության և կառավարման եվրոպական կոմիտեի» (ԺԿԵԿ/CDDG) անդամների, ինչպես նաև Հայաստանում դոնորների կողմից ֆինանսավորվող այլ ծրագրերի պատասխանատուների մասնակցությամբ, նպատակ ունեն աջակցելու ֆինանսական ապակենտրոնացման համապարփակ ռազմավարության իրականացմանը, այդ թվում՝ իրազեկելու անհրաժեշտ սահմանադրական և օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։

Տեսակոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկան ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը և ԵԽ Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության Լավ կառավարման փորձագիտության կենտրոնի ղեկավար Ալինա Տատարենկոն։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը ողջունեց հանդիպում-քննարկման մասնակիցներին՝ շնորհակալություն հայտնելով Եվրոպայի խորհրդին և Ավստրիական զարգացման համագործակցությանը ՏԿԵՆ-ի նախաձեռնությանը արձագանքելու և ժողովրդավար պետությունների համար այս արդիական թեմայով քննարկումներին նպաստելու համար։ Պարոն Տերտերյանը նաև անդրադարձավ ԵԽ-ի կողմից ՀՀ-ում իրականացվող ծրագրերի կարևորությանը, երկրին ցուցաբերվող տեխնիկական, մեթոդական աջակցությանը, ինչպես նաև տեղական ժողովրդավարության ներդրմանը։ Նախարարի տեղակալը խոսքը եզրափակեց՝ մաղթելով ակտիվ և արդյունավետ քննարկում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ եռօրյա արդյունավետ քննարկումների արդյունքում տեղի կունենա գաղափարների ակտիվ փոխանակում, ինչը կնպաստի տեղական ինքնակառավարման մարմինների՝ մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների և ֆիսկալ ինքնավարության մակարդակի բարձրացմանը։

Լավ կառավարման փորձագիտության կենտրոնի ղեկավար Ալինա Տատարենկոն նույնպես ողջունեց տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ մաղթելով օգտակար և բովանդակալից քննարկում, որի արդյունքում առաջընթաց կգրանցվի Հայաստանում ՏԻՄ-երի ինքնավարության և կարողությունների բարձրացման հարցում։

ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը խոսել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի արդի խնդիրների և մարտահրավերների մասին՝ մասնավորապես անդրադառնալով ՀՀ վարչատարածքային բարեփոխումներն այս տարվա ընթացքում ավարտին հասցնելու և համայնքների ֆինանսական ապակենտրոնացման հարցում հայեցակարգային մոտեցում որդեգրելու կարևորությանը։

ԵԽ փորձագետ Վահագն Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը՝ խոսելով ոլորտում իրականացված օրենսդրական բարեփոխումների, ՏԻՄ-երի ընտրական համակարգի և լիազորությունների, միջհամայնքային համագործակցության մասին, ԵԽ փորձագետ Արտակ Երգենյանը անդրադարձել է Հայաստանում ֆինանսական և ֆիսկալ ապակենտրոնացման բարեփոխումներին, այդ թվում՝ ֆինանսական համահարթեցման արդյունավետ մեխանիզմների ապահովմանը, ֆինանսական ապակենտրոնացման ոլորտում ԵՄ մի շարք երկրների փորձին, ֆիսկալ ապակենտրոնացման և տեղական հարկերի վարչարարության վերաբերյալ առկա ՀՀ իրավակարգավորումներին, ինչպես նաև ներկայացրել է ֆինանսական ապակենտրոնացման ռազմավարության հիմնադրույթների գծով առաջարկություններ։

Փորձագիտական հանդիպում-քննարկումը եզրափակվեց կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները մտքեր փոխանակեցին ֆինանսական ապակենտրոնացման մասով ՀՀ-ին անհրաժեշտ իրավական հիմքերի, համայնքներին նոր լիազորությունների պատվիրակմանն առնչվող խնդիրների մասին, ՏԻՄ-երի կողմից հարկերի հավաքագրման գործընթացի և առկա խոչընդոտերի մասին, ինչպես նաև անդրադարձան համայնքների կարողությունների գնահատման ու զարգացման, համայնքների պարտավորությունների համապարփակ ցանկ և համայնքների պարտադիր լիազորությունները հստակ սահմանելու անհրաժեշտությանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին