Նորություններ

Լրատվություն

Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

04.05.2021

«Կոշտ կենցաղային թափոնների քարտեզագրում» (Mapping Municipal Solid Waste ASI029) ծրագրի շրջանակում ստեղծվել է GIS-ի վրա հիմնված ու վեբ-ցանցային հավելվածով կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգչային գործիք։ Այն հնարավորություն է տալիս յուրաքանչյուր բնակավայրի համար մուտքագրելով տվյալները՝ հաշվարկել և առաջարկել աղբահանության գործընթացների օպտիմալ մոդել՝ աղբահանության արդյունավետ երթուղիներով, աղբի հավաքման, կուտակման, տեղափոխման, տեսակավորման և հեռացման համար։ Համակարգը թույլ է տալիս տվյալ համայնքի համար ծախսարդյունավետության տեսանկյունից աղբահանության ամենաարդյունավետ մոդելը ընտրել։

Ծրագրի իրականացման համար ընտրվել է հանրապետությունում քարտեզագրման և GIS համակարգերի կիրառման բավականին մեծ փորձ ունեցող «Գոեռիսկ» ՍՊԸ-ն և համապատսխան փորձագետներ։
Այսօր նախարարությունում ընկերության մասնագետները ներկայացրել են ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքները և առաջարկվող մոդելները։

ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը կարևոր խնդիրներից է համարել հանրապետությունում աղբահանության պատշաճ կազմակերպումը և այս համատեքստում ընդգծել է այդ աշխատանքների բարելավմանը միտված նման գործիքների կիրառումը։ Նրա խոսքով՝ մասնավորապես, այս մշակված համակարգի ներդրումը համայնքներում ակնհայտորեն կբարելավի և կնպաստի արդեն իսկ իրականացվող աղբահանության աշխատանքների ավելի ծախսարդյունավետ կազմակերպմանը։ Վ․ Տերտերյանը նշել է, որ ծրագիրը պետք է շարունակական լինի և փորձնական կիրառման ճանապարհով ընդարձակվի այլ համայնքներում ևս։

Որպես փորձնական համայնքներ ընտրվել են Արարատի մարզի Գոռավան, Լոռու մարզի Ստեփանավան գյուղական և քաղաքային համայնքները և Վայոց ձորի մարզի Արենի խոշորացված համայնքը։ «Գոեռիսկ» ընկերության մասնագետների խոսքով՝ դաշտային աշխատանքների շրջանակներում հավաքագրվել են բոլոր անհրաժեշտ տվյալները,կատարվել են նշված համայնքներում աղբի բաղադրության ուսումնասիրություններ, ստեղծվել է շտեմարան ընտրված պիլոտային բնակավայրերի համար և կազմվել են աղբահանության մոդելներ։ Մշակվել է նաև գործիքի կիրառման ուղեցույցը և կազմակերպվել են դասընթացներ պիլոտային համայնքներում։
Քննարկման ընթացքում առաջարկվել է մշակված գործիքն առաջիկայում փորձնական կիրառել ևս 6-7 համայնքում, իսկ ամբողջական ներդնել Ստեփանավան քաղաքում։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակմամբ և համակարգմամբ՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, «Մենեջմենթ Սիսթեմզ Ինթերնեշնլ» (Management Systems International (MSI)) ընկերության տեխնիկական աջակցությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին