Նորություններ

Լրատվություն

Արենի, Մեղրի և Դիլիջան համայնքներում իրականացվել է գույքի կառավարման, ներհամայնքային տրանսպորտի և անասնաբուժական ծառայությունների գնահատում

08.04.2021

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը Հայաստանի երեք թիրախային համայնքներում՝ Արենիում, Մեղրիում և Դիլիջանում, իրականացրել է համայնքային ծառայությունների գնահատում: Ուսումնասիրվող ծառայությունները ներառել են համայնքային գույքի կառավարումը, միջհամայնքային տրանսպորտը և անասնաբուժական ծառայությունների կազմակերպումը և մատուցումը:
Ուսումնասիրությունների ընթացքում առանձնացվել են գնահատման հետևյալ բաղադրիչները՝ քաղաքականության շրջանակի քարտեզագրումը, ֆինանսավորման մեխանիզմները, ծախսերի ու օգուտների հարաբերակցությունը, համայնքային գործընթացները, կատարողականի գնահատումը, կազմակերպչական և մարդկային ներուժը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչպես նաև քաղաքացիների մասնակցությունը:
Ապրիլի 8-ին՝ առցանց համաժողովի ընթացքում , հետազոտության արդյունքները ներկայացվել են համայնքներին:
Համաժողովին մասնակցել են ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Սերգեյ Հովհաննիսյանը, ԳՄՀԸ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատուները, թիրախային համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին ծառայությունների և աշխատանքային ուղղությունների գծով փորձագետներ:
ՏԻՔ վարչության պետ Ա․ Գիլոյանն ընդգծել է այս նախաձեռնության կարևորությունը՝ հաշվի առնելով Հայաստանում ծառայությունների թվայնացման գործընթացը, ծառայությունների մատուցման քաղաքացիակենտրոն մոտեցումն ու վարչարարության գործընթացների պարզեցումը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծառայությունների արդյունավետության, կայունության ապահովմանը, ինչպես նաև առանձին խնդիրներին ու կարիքներին վերաբերող հարցեր:
Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրի մասնագետ Ս․ Հովհաննիսյանն առանձնացրել է ծրագրային մոտեցումն ու ծառայությունների կազմակերպման ու մատուցման մակարդակի բարձրացման կարևորությունը, ինչը հետագայում կնպաստի տվյալ ծառայությունների ապակենտրոնացմանը:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) հետ համատեղ:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին