Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է երկրաբաններին մասնագիտական տոնի առթիվ

04.04.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Երկրաբանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել երկրաբանության ոլորտի աշխատողներին, որում մասնավորապես ասված է.«Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ կոչում:

Հարգելի՛ երկրաբաններ, Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը, հանքարդյունաբերության զարգացման ներուժի բացահայտումը, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունների գնահատումը: Հանքարդյունաբերությունը եղել և մնում է Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը, ինչը հատկապես ընդգծվեց COVID-19 համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում: Մեծ է Ձեր ներդրումը նաև սեյսմոլոգիայի և հարակից այլ ոլորտներում հետազոտությունների իրականացման մեջ։

Կարևորում եմ նաև մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի գործընկերների համագործակցության հնարավորությունները, քանի որ լեռնամետալուրգիայի և հանքարդյունաբերության բարեփոխումների շղթան դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության։ Դրա վկայությունն էր նաև 2020թ. ոլորտի մասնագետների հետ համագործակցության նախաձեռնումը ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների և մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում, որը դեռ շարունակական բնույթ է կրելու։
Բարձր գնահատելով Ձեր նվիրված ու խիստ անհրաժեշտ աշխատանքը երկրի տնտեսության շարունակական կայուն զարգացման գործում` մաղթում եմ առողջություն, բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նոր հաջողություններ»: 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին