Նորություններ

Լրատվություն

Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում

24.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում՝ սահմանելով մետաղական հանքավայրերի արդյունահանման իրավունքի ընթացակարգային փոփոխություններ։

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ձեռք բերելիս ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերագնահատման պահանջը սահմանել 10 տարի հանքավայրերի՝ 2021 թվականից հետո հաստատված պաշարների համար: Մեկ այլ փոփոխությամբ՝ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ձեռք բերելիս օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների վերջին անգամ գնահատված լինելու ժամկետը 5 տարուց սահմանվում է 10 տարի, ինչպես նաև կարգավորվում են արդյունահանման իրավունքի համար առաջին դիմողի նախապատվության ընթացակարգերը։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ներկայացնելով նախագիծը՝ նշել է, որ կառավարությունն առաջարկում է նաև ընդերքօգտագործողին զգուշացում տալու և ապա գործունեությունը կասեցնելու համար 10-օրյա ժամկետը փոխարինել 30-օրյա ժամկետով՝ նպատակ ունենալով ընդերքօգտագործողներին դարձնել վարույթի մասնակից և ապահովել վերջիններիս լսելի լինելու իրավունքը։
ՏԿԵ փոխնախարարն ԱԺ-ում անդրադարձել է նաև Սոթքի հանքավայրի շուրջ ստեղծված ընթացիկ իրավիճակին՝ պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին։

Լ․ Շուշանյանը վստահեցրել է, որ նախարարությունը, որպես լիազոր մարմին, ամիսներ շարունակ աշխատանքներ է իրականացնում ռուսական ընկերության հետ՝ հանքավայրի շահագործումն ապահովելու, հետևաբար նաև՝ արտադրական պրոցեսում ներգրավված հիմնական աշխատուժի՝ մոտ 700 աշխատակցի աշխատանքը պահպանելու ուղղությամբ։

«Այս պահին ամեն ինչ արվել է և այսօր դեռ շարունակում է արվել՝ հանդիպումների և քննարկումների ամենշաբաթյա հաճախականությամբ։ Այդ քննարկումներն իրականացվում են, և աշխատանքները կազմակերպվում են, որպեսզի՝ առաջինը՝ հանքի շահագործումը չդադարի և հանքավայրը շահագործվի ոչ միայն այս 1-2 ամսվա ընթացքում, այլև հեռանկարում՝ առաջիկա տարիներին նույնպես, և դա իրականացվի մեր օրենսդրության տառին համահունչ»,-վստահեցրել է Լիլիա Շուշանյանը։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին