Նորություններ

Լրատվություն

Ոռոգման համակարգերի արդիականացման աննախադեպ աշխատանքներ Հայաստանում․ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր

23.03.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանի և ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր։

Այցի նպատակն էր ծանոթանալ մայր և երկրորդային ջրանցքների նորոգման և վերականգնման աշխատանքներին, որոնք իրականցվում են ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի» շրջանակում։

Արագածոտնի մարզում նախարարը շրջեց Աշտարակի մայր առվի, Օշականի մայր ջրանցքի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 1 աքվեդուքի՝ կամուրջ–ջրատարի, Արզնի-Շամիրամ մայր ջրանցքի, Ուջան 2 աքվեդուքի՝ կամուրջ–ջրատարի շինհրապարակներում։ Ոռոգման սեզոնին ընդառաջ՝ վերակառուցման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Ծրագրի հաջող ավարտից հետո Արագածոտնի մարզում էականորեն կավելանան ոռոգվող հողատարածքները, ինչը մեծապես կնպաստի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։ Նախարարի խոսքով, մասնավորապես, Օշականի մայր ջրանցքի շինարարական աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում ոռոգելի կդառնա շուրջ 200 հա հողատարածք, որոնք չեն ոռոգվել ավելի քան 20 տարի։

Արմավիրի մարզում մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանն այցելեց Ստորին Հրազդան ջրանցքի, Թալինի մայր ջրանցքի բաժանարարի և Թալինի մայր ջրանցքի վերակառուցման շինհրապարակներ։ Պատասխանատուները նախարարին տեղեկացրին, որ Արմավիրի մարզում ևս ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի, ոռոգվող հողատարածքների ավելացմանը զուգահեռ` մարզում ստեղծվում է ներդրումային ակտիվ միջավայր, ինչը հատկապես կարևորվում է գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից։

Շրջայցի ընթացքում նախարարը պատասխանատուների հետ խոսել է շինարարության ընթացքի մասին, տվել մի շարք հանձնարարականներ։ Նախարարին զեկուցվել է, որ շինարարական աշխատանքների մեծ մասը իրականացվել է ընթացիկ տարում և նախքան ոռոգման շրջանի մեկնարկը հնարավոր կլինի ավարտին հասցնել վերոնշյալ ենթակառույցների վերանորոգման աշխատանքները։ Նախարար Պապիկյանն իր գոհունակությունն է հայտնել շինարարության ընթացիկ տեմպից և նշել․
«Սա մեր շինարարական աշխատանքների և, մասնավորապես, ջրային ոլորտին վերաբերող աշխատանքների մի փոքրիկ մասն է։ Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք ցույց կտանք մեր ամբողջական աշխատանքը։ Պետք է նշեմ, որ այս տարի ջրային ցանցի արդիականացման ուղղությամբ աննախադեպ քանակի աշխատանք պետք է կատարենք, այն կազմում է շուրջ 14 մլրդ դրամ»։
Պապիկյանը հետաքրքրվել է համայնքներում ներտնտեսային ցանցերի վիճակից, հորդորել դիտարկել և հնարավորության դեպքում ավելացնել սուբվենցիոն փաթեթներով ներհամայնքային ջրամատակարարման ենթակառույցները բարեկարգելու ծրագրերը։ Ի թիվս պատասխանատուներին տրված հանձնարարականների՝ նախարարը խիստ անհրաժեշտ է համարել նաև համայնքի բնակչության հետ ամենօրյա աշխատանքը, որպեսզի նորակառուց ջրամբարներում և ջրանցքներում բացառվեն աղբի կուտակումները։

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ընդհանուր արժեքը 50 միլիոն դոլար է: 40 միլիոն դոլարը Եվրասիական զարգացման բանկից ստացված վարկ է, 10 միլիոն դոլարը ՀՀ կառավարության համաֆինանսավորումն է: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ կառուցել մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինող համակարգեր, վերակառուցել գլխավոր և միջտնտեսային ջրանցքներ, ներտնտեսային ոռոգման համակարգեր, արդիականացնել և հզորացնել ջրօգտագործողների ընկերությունները: Տպավորիչ են հատկապես սպասվող արդյունքները. ծրագրի հաջող ավարտից հետո Հայաստանում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա, շահագործման ծախսերը կկրճատվեն տարեկան 300 միլիոն դրամով, 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, 8 պոմպակայան շահագործումից դուրս կգա, կվերականգնվեն 64.2 կիլոմետր ջրանցքներ, իսկ ներտնտեսային ոռոգման ցանցերի վերականգնվող հատվածները կհասնեն 259.1 կիլոմետրի: Այս ծրագրի շահառուների թիվը գերազանցում է 115 հազարը:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին