Նորություններ

Լրատվություն

Պտղունքի` 72 տարվա դպրոցը վերակառուցվում է. նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է շինհրապարակ

22.03.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Պտղունք, որտեղ հիմնովին վերակառուցվում է համայնքի միակ դպրոցը։ Նախարարին ուղեկցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը և դպրոցի շինարարությունն իրականացնող կապալառու ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը։

Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոցը կառուցումից ի վեր երբեք չի վերանորոգվել։ Շենքն ուներ 4-րդ կարգի վթարայնության աստիճան, ինչը խիստ վտանգավոր էր դարձնում կրթական ծրագրերի անցկացումը։ Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն էր, որ դպրոցահասակ երեխաներից ընդամենը 40 տոկոսին էր հաջողվում հաճախել համայնքի դպրոց, մյուսներն ուսում ստանալու նպատակով ստիպված էին գնալ այլ համայնքներ։

Դեռևս 2018թ․ հունիսին Պտղունք կատարած այցի ժամանակ նախարար Պապիկյանը ծանոթացել էր դպրոցի շենքի վթարային պայմաններին։ Սուրեն Պապիկյանը համայնքի բնակիչներին և ուսուցչական կազմին խոստացել էր հետամուտ լինել դպրոցի բարեկարգմանն ու աշակերտների համար անվտանգ կրթական միջավայրի ապահովմանը։
2018թ. դեկտեմբերին Պտղունքի միակ դպրոցը ընդգրկվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ։ Հաշվի առնելով շենքի անմխիթար վիճակը՝ այն քանդվել է։ Նախատեսվում է կառուցել նոր սեյսմակայուն շենք, ներկայումս ընթանում են դպրոցի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքները:

Նախարար Պապիկյանը դպրոցի շինհրապարակում հորդորել է պատասխանատուներին հետևողական լինել շինարարարության որակի և նախանշված ժամկետում ավարտելու հարցում։ Նախարարին ներկայացվել է դպրոցի նոր շենքի նախագիծը, նշվել է, որ մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 18 ամսից։ Դպրոցի շահառու ավելի քան 240 աշակերտները և ուսուցչակազմը շուտով կհաճախեն ժամանակակից և սեյսմակայուն դպրոց:

Դպրոցը հարմարեցված կլինի նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար, կունենա վերելակ, ջեռուցման, հակահրդեհային, ջերմամեկուսացման համակարգեր, հարմարավետ մարզադահլիճ։
Այս բոլոր աշխատանքների համար ներդրվել է 886 միլիոն դրամ, որից 16,7 %-ը ներդրվում է ՀՀ կառավարության կողմից, մյուս մասը՝ համաֆինանսավորվում Ասիական զարգացման բանկի կողմից։
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրապետության ողջ տարածքում հսկայածավալ աշխատանքներ է իրականացնում, որոնք ի տարբերության ճանապարհաշինության, պակաս տեսանելի են հանրության համար։ Դրանց թվում շատ են հատկապես դպրոցաշինական,մանկապարտեզների շինարարության, ջրագծերի անցկացման, ջրանցքների վերանորոգման և բազում այլ ենթակառուցվածքների բարեկարգման ծրագրերը»,– ընդգծել է նախարար Պապիկյանը։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին