Նորություններ

Լրատվություն

Նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Չինաստանի նորանշանակ դեսպանին

16.03.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին։

Ողջունելով դեսպանին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է հայ-չինական հարաբերությունների կարևորությունը և հույս հայտնել, որ դեսպան Ֆան Յունի պաշտոնավարման ընթացքում դրանք էլ ավելի կամրապնդվեն։ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է երկկողմ գործակցության օրակարգին առնչվող մի շարք ոլորտների։ Նախարարը մասնավորապես կարևորել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում հայ-չինական համագործակցության շարունակականության և հետագա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև այս համատեքստում ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության ցուցաբերած աջակցությունը։

Նախարար Պապիկյանն անդրադարձել է նաև ջրամբարաշինության, էներգետիկայի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում երկկողմ գործակցության հնարավորություններին՝ այդ առումով կարևորելով հայ-չինական հարաբերությունների զարգացման ներուժը։

Դեսպան Ֆան Յունը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության բավական լավ պատմություն ունեն, և առկա են նախադրյալներ՝ մեծապես խորացնելու երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը։ Դեսպանն ընդգծել է նաև, որ ՉԺՀ կառավարությունն աջակցում և խրախուսում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մրցույթներին։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են հայ-չինական համատեղ ծրագրերում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ Հայաստանում ՉԺՀ դեսպանության և ՀՀ ՏԿԵ նախարարության միջև ակտիվ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին