Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ

04.03.2021

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել գերմանական զարգացման բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման ծրագրի ընթացքը: Ծրագրի շրջանակում ներկայումս աշխատանքներ են տարվում նախագծի տեխնիկական փորձաքննության և մրցութային գործընթացների վերջնականացման ուղղությամբ։
«Կապսի ջրամբարի կառուցումը ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող կենսական ծրագրերից է , որն ունի բնապահպանական, տնտեսական, սոցիալական համալիր ազդեցություն: ՀՀ շահերից է բխում, որ ջրամբարի կառուցման ծրագիրը փոխադրվի ակտիվ շինարարական աշխատանքների փուլ։ Հարկ եմ համարում ընդգծել, որ մենք կենտրոնացրել ենք առկա թիմային և մասնագիտական ողջ ներուժն այն կյանքի կոչելու նպատակով», -նշել է Սուրեն Պապիկյանը:

Նախարարի խոսքով՝ Կապսի ջրամբարի կառուցումը կարևորվում է նաև տարածաշրջանի ջրային ռեսուրսներն արդյունավետ կառավարելու, տեղի բնակչության կենսամակարդակի բարելավման, գյուղատնտեսական արդյունավետության և պարենային ապահովման տեսանկյունից:
Նախարարը հավելել է, որ ՀՀ կառավարությունը հաստատակամ է՝ լուծելու նախորդ տարիներին կուտակված խնդիրները և հաղթահարելու ծրագրում ի հայտ եկող այն խոչընդոտները, որոնք պայմանավորված են կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական դժվարություններով։

Օլաֆ Զիմելկան նույնպես վերահաստատել է բանկի պատրաստակամությունը շարունակելու ջրամբարի կառուցման ծրագիրը և վստահություն հայտնել, որ գերատեսչության և բանկի միջև ստեղծված գործընկերային միջավայրը թույլ կտա առաջիկայում լուծել ֆինանսական և շինարարական աշխատանքների ժամկետներին առնչվող խնդիրները :

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները ծրագրերի շարունակականությունն ապահովելու և առկա խոչընդոտները կարգավորելու ուղղությամբ։ Ծրագրի շրջանակում գործողությունների հետագա պլանը հստակեցնելու և աշխատանքներին ինտենսիվություն հաղորդելու նպատակով կստեղծվի ղեկավար կոմիտե, որը հայկական կողմից կղեկավարի ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին