Նորություններ

Լրատվություն

Վարչապետը ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը

15.09.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և այլք:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է աշակերտներին ուսումնական տարվա մեկնարկի և վերակառուցված դպրոց ունենալու կապակցությամբ: Վարչապետը հույս է հայտնել, որ նոր դպրոցը կլցվի նոր բովանդակությամբ, և այդ բովանդակությունը կլինի պարուրված, պարփակված այս երեք կարգախոսի մեջ՝ «ուժեղ և երջանիկ անհատ», «ուժեղ և երջանիկ ժողովուրդ», «ուժեղ և երջանիկ պետություն՝ Հայաստանի Հանրապետություն»:

«Եվ դուք՝ որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, քայլեք հպարտ գիտելիքի, կրթության, ուսման ճանապարհով և դրեք ձեր առաջ բարձր նշաձողեր՝ փոխելու ձեր քաղաքը, փոխելու ձեր երկիրը և փոխելու աշխարհը: Դուք պիտի հավատաք աշխարհը փոխելու ձեր ուժին և պիտի անպայման փոխեք աշխարհը»,- նշել է վարչապետը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է դպրոցով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:

700 աշակերտ ունեցող դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Արդյունքում այսօր դպրոցը կարող է ընդունել մինչև 950 աշակերտ:

Վերակառուցման աշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է 1,4 մլրդ դրամ։

Նոր, լուսավոր ու հարմարավետ պայմաններ են ստեղծվել դասասենյակներում, մարզադահլիճում ու հանդիսությունների դահլիճում, գրադարանում: Եռահարկ դպրոցն այսօր հարմարեցված է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար. կառուցվել են թեքահարթակներ, տեղադրվել է վերելակ, հարմարեցվել են նաև պետքարանները:

Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում տանիքին տեղադրվել է արևային էներեգիայի համակարգ, որն ապահովելու է դպրոցի տաք ջուրը: Դպրոցի բակում էլ կառուցվել է նոր խաղադաշտ: Դպրոցն իրականացնում է 9-ամյա կրթություն:

Աղբյուրը՝  ՀՀ վարչապետի պաշտոնական կայք։

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին