Նորություններ

Լրատվություն

Կայացել է «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» թեմայով համաժողով

04.03.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկա է գտնվել Եվրոպական խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից կազմակերպված՝ «Քաղաքական բարեվարքությունը և էթիկան տեղական կառավարման համակարգում» թեմայով համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ազգային ծրագրերի պատասխանատու Սերգեյ Հովհաննիսյանը, Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի՝ Ֆինանսների նախարարության, Բաց կառավարման գործընկերության քարտուղարության, Հայաստանի ՔՀԿ-երի հակակոռուպցիոն կոալիցիայի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ, ազգային և միջազգային փորձագետներ։

Վաչե Տերտերյանը, իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնելով ԵԽ-ին համատեղ նպատակների իրականացմանն ուղղված ջանքերի համար՝ վստահություն է հայտնել, որ ձեռնարկած նախագծերը շարունակելու են տալ իրենց տեսանելի արդյունքները․ «Վստահ եմ, որ Համայնքների միության հետ իրականացվող մեր ծրագիրը կունենա լավ արդյունք, ինչը կնպաստի և՛ տեղական ժողովրդավարության, և՛ Հայաստանի համայնքների ասոցիացիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, կառավարության և համայնքների միջև կայուն երկխոսության ամրապնդմանը և շատ խնդիրների լուծմանը, որոնք մեր ամենօրյա օրակարգում են և որոնք ամրագրված են Կոնգրեսի ինստիտուտցիոնալ հարաբերություններում և փաստաթղթերում»:
Համաժողովի շրջանակներում տեղական կառավարման գործընթացում քաղաքական բարեվարքության և էթիկայի փորձագիտական հանրույթը կազմող 20 խոշորացված և 3 խոշոր (Երևան, Գյումրի, Վանաձոր) համայնքների ներկայացուցիչները քննարկել են տեղական մակարդակում կոռուպցիայի, բաց կառավարման և հանրային գնումների թափանցիկության հնարավոր ռիսկերը, դրանց կառավարման գործնական մեխանիզմները, ինչպես նաև տեղական ինքնակառավարմանը հասարակության մասնակցայնությունը բարձրացնելուն առնչվող հարցեր:
Ուշադրության առարկա են դարձել նաև տեղական և տարածքային կառավարման մարմիններում ներգրավված բոլոր անձանց համար վարքագծի եվրոպական կանոնակարգը, 7 թեմատիկ զեկույցներից կազմված Կոնգրեսի ռազմավարությունը։

Նախատեսվում է վաղը՝ համաժողովի հաջորդ օրը, մասնագետների աջակցությամբ ազգային և տեղական իշխանությունների միջև խորհրդատվություն և մշակել երկխոսության ամրապնդման համար անհրաժեշտ մեխանիզմներ։ Հետագայում ևս աշխատանքային խումբը գործելու է որպես բարեվարքության և հակակոռուպցիոն ազգային քաղաքականությունների և Հայաստանում տեղական իշխանությունների կողմից դրանց իրականացման ռազմավարական տեղայնացման համակարգող խումբ։

Նշենք, որ համաժողովը կազմակերպվում է «Հայաստանի համայնքների միությանը և թափանցիկ, մասնակցային տեղական կառավարման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին