Նորություններ

Լրատվություն

Նախարար Պապիկյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ

12.02.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստան այցի շրջանակում հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատելա Տուրնավայի հետ։

Հանդիպման օրակարգում եղել են հարևան երկու երկրների միջև առկա էներգետիկ համագործակցության շրջանակում ընթացիկ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Արձանագրվել են վերջին ձեռքբերումները Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և Դդմաշենի ենթակայանի կառուցման ծրագրի իրականացման ուղղությամբ:
«Մեր առաջին հանդիպումն ուզում եմ սկսել լավ լուրով։ Բոլորովին վերջերս մեր կառավարության կողմից հաստատվեց Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախագիծը։ Հաշվի առնելով այն, որ իրանական կողմի հավաստիացմամբ 2020թ․ նախատեսվում է ավարտել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը , մեզ համար կենսական է դառնում Դդմաշենի ենթակայանի կառուցումը»,-նշել է նախարար Պապիկյանը։

Նախարարի խոսքով՝ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարևորվում է նաև Հյուսիս –Հարավ էներգետիկ միջանցքին նոր թափ հաղորդելու տեսանկյունից։
«Կարծում եմ, սա լայն հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի, հատկապես՝ Հայաստանի և Վրաստանի համար։ Այս երկու խոշոր նախագծերով Հայաստանն ու Վրաստանը կարող են առաջընթաց գրանցել նաև այլընտրանքային էներգետիկայի ոլորտում, ձեռք բերել նոր շուկաների հասանելիություն ։ Արդյունքում մենք կարող ենք էներգետիկ կարևոր միջանցք դառնալ դեպի Պարսից ծոցի երկրներ և Վրաստանի միջոցով արդեն երրորդ երկրներ»,-հավելել է նախարարը։

Նախարար Նատելա Տուրնավան իր հերթին կարևորել է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի քառակողմ ձևաչափով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ընդգծելով Հայաստանի և Վրաստանի տարանցիկ միջանցքի գործառույթները նման կարևորություն ունեցող էներգետիկ նախաձեռնությունում: Նատելա Տուրնավան հայտնել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները զուգահեռ իրականացնելու ուղղությամբ։

Զրուցակիցները անդրադարձել են նաև էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող գազատարի վրացական կողմում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը: Հարցի կարգավորման ուղղությամբ կողմերը պատրաստակամություն են հայտնել նախաձեռնել հանգամանալից քննարկում՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ:

Հանդիպմանը քննարկվել են նաև տրանսպորտային հաղորդակցությանն առնչվող հարցեր` ուղղված ինչպես երկաթուղային այլընտրանքի, այնպես էլ սևծովյան նավահանգստում լաստանավերի ձեռքբերման հնարավորություններին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին