Նորություններ

Լրատվություն

Տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը

04.02.2020

Այսօր տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը։ Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը, տրանսպորտային ծառայությունների որակի և ճանապարհային անվտանգության մակարդակի, փոխադրումների արդյունավետության բարձրացմանը։ Ռազմավարությունն ուղղված է նաև կայուն, անվտանգ տրանսպորտային և առևտրային ցանցերի ստեղծմանը:
Աշխատաժողովին մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների‚ Ասիական զարգացման բանկի‚ հասարակական կազմակերպությունների‚ մասնավոր հատվածի՝ ճանապարհաշինական‚ բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի սկզբում ԱԶԲ մասնագետները ներկայացրին ՀՀ տրանսպորտային ուղիներին նվիրված մանրակրկիտ վերլուծություններ։ Հանգամանորեն քննարկվեցին ռազմավարության հիմնական նպատակները‚ սկզբունքները, ուղղությունները։ Անդրադարձ կատարվեց հետագա անելիքներին, ռազմավարության շրջանակներում իրականացվելիք գործողություններին։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում. տարբեր ոլորտների մասնագետներն արեցին առաջարկներ‚ ներկայացրին այն դրույթները‚ որոնք անհրաժեշտ է ներառել մշակվող փաստաթղթի մեջ։

Կազմակերպիչների կողմից հատկապես ընդգծվեց‚ որ ռազմավարության հիմքում դրվելու է հիմնական մի նպատակ՝ ունենալ զարգացած‚ բարձրակարգ և անվտանգ ճանապարհային ցանց։ Առանձնացվեց նաև արագընթաց ճանապարհներ ունենալու կարևորությունը‚ ինչը թույլ կտա խթանել առևտուրը‚ ավելի հասանելի դարձնել շուկաները‚ հեշտացնել կապը հարևան երկրների հետ։ Այս համատեքստում նշվեց‚ որ հիմնանորոգվում է Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհը‚ կառուցվում/վերակառուցվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը։

Խոսելով ճանապարհային անվտանգության մասին՝ շեշտվեց‚ որ այն պատկերացումը‚ թե ճանապարհային անվտանգությունը պայմանավորված է միայն ճանապարհների վիճակով կամ համապատասխան անվտանգության տարրերի ապահովմամբ‚ լիարժեք չէ։ Կան նաև այլ հանգամանքներ‚ որոնք ազդում են ճանապարհային անվտանգության խնդիրներին՝ մեքենաների սարքին լինելը‚ բեռնատարների պատշաճ լուսավորումը‚ քաղաքային‚ բանուկ հատվածներում ճանապարհային լուսավորությունը‚ վարորդների‚ երթևեկության մասնակիցների ինքնագիտակցության‚ կրթության հարցերը. այս ամենի համալիր լուծման դեպքում հնարավոր է էապես բարելավել ճանապարհային անվտանգությունը։

Քննարկման ընթացքում հատուկ շեշտվեց այն‚ որ Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարությունը պետք է մշակվի՝ համադրելով այն այլ ոլորտների զարգացման ռազմավարությունների հետ։
Նշվեց‚ որ Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակմանը նվիրված մեկնարկային աշխատաժողովից հետո կպատրաստվի նախնական զեկույց‚ տեղի կունենան նաև առանձին հանդիպումներ ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ։

Կազմակերպիչները փաստեցին‚ որ հանդիպումների‚ քննարկումների այս ձևաչափը լինելու է շարունակական։ Պարբերաբար կազմակերպվելու են նման աշխատաժողովներ‚ որպեսզի յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկվի‚ աշխատեն այնպես անել‚ որ տարբեր ոլորտային ռազմավարությունները լինեն համադրելի ու համահունչ։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին