Նորություններ

Լրատվություն

Մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններն իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր կներկայացնեն

29.01.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։

Նախարարի տեղակալ  Լիլիա Շուշանյանը  շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ հանդիպումը տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին