Նորություններ

Լրատվություն

Աշխատանքային քննարկում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության վերաբերյալ

29.11.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մարզերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:

Վաչե Տերտերյանը շնորհակալություն հայտնելով ներկաներին ցուցաբերած հետաքրքրության համար` շեշտել է մարզերում բազմաբնակարան շենքերի վիճակի բարելավման և էներգաարդյունավետության արդիականացման կարևորությունը համայնքների համաչափ զարգացման, ենթակառուցվածքների հզորացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման տեսանակունից:

ՄԱԶԾ առաջարկությամբ քննարկման դրված ծրագիրը նախատեսում է 150 շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում պատուհանների փոխարինում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Նախատեսվող քայլերի իրականացումը հնարավորություն կտա բնակիչներին 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը: Ծրագրի բարեհաջող իրականացումը նախատեսում է նաև բնակարանների շուկայական գների բաձրացում, տուրիստական գրավչության աճ: Ուշադրության կենտրոնում են նաև բնապահպանական խնդիրներին առնչվող հարցերը. էներգիայի խնայողության դեպքում էականորեն նվազում է նաև ջերմոցային գազերի արտանետումը և շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը:

Ծրագրի ֆինանսավորման 25%-ը նախատեսվում է տրամադրել դրամաշնորհային տարբերակով, մնացած 75%-ը փոխանցվելու է կառավարության, համայնքի, համատիրության բյուջեից և բնակիչների ներդրումներից: Փոխնախարար Տերտերյանի խոսքով առանձնակի կարևորություն ունի բնակչի մասնակցությունը. «Բնակիչը պիտի ներդրում ունենա իր բնակավայրի զարգացման գործում, որպեսզի ոգևորությունը, հետևողականությունը և սրտացավությունը մշտապես բարձր մակարդակում մնան»:

Հանդիպման ընթացքում ներկաները քննարկել են համայնք-բնակիչ համագործակցությունը ճիշտ ու գրագետ մոտեցմամբ իրականացնելու տարբերակները, ծրագիրը նախատեսվող տարածքներում մաքսիմալ արդյունավետությամբ կյանքի կոչելու հնարավորությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին