Նորություններ

Լրատվություն

Ստորագրվել են Մեղրի և Ջուջևան համայնքների զարգացմանն ուղղված դրամաշնորհային պայմանագրեր

29.11.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության հետ ստորագրվել են «Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» և «Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային պայմանագրեր:

Պայմանագրերը ստորագրել են մի կողմից ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, մյուս կողմից՝ Մեղրիի մանկապարտեզի տնօրեն Սյուզան Սարգսյանը և «Զարգացման համայնքային կենտրոն» ՀԿ տնօրեն Հասմիկ Ազիբեկյանը: Ստորագրմանը ներկա են եղել «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նախարար Սուրեն Պապիկյանի և նախարարության անունից ողջունել է դեսպանության ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել Հայաստանում իրականացվող թիրախային ծրագրերին ակտիվ մասնակցության համար: Վ. Տերտերյանը կարևորել է սահմանային երկու համայնքներում նախատեսվող ծրագրերը և վստահություն հայտնել, որ համագործակցության այն ձևաչափը, որը դրված է ծրագրերի իրականացման հիմքում, արդյունավետության առաջնային նախապայմաններից է լինելու, և հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքներում:

Իր հերթին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան շնորհակալություն է հայտնել նախարարությանն աջակցության համար և ընդգծել ծրագրերի իրականացման ընթացքում նախարարության հետ համագործակցության կարևորությունը: Դեսպանը պատահական չի համարել համայնքներին ուղղված պայմանգրերի ստորագրումը նախարարությունում անցկացնելու նախաձեռնությունը, քանի որ Հայաստանի ապագան տեսնում է համայնքային և տարածքային զարգացման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման մեջ:

«Մեղրիի մանկապարտեզում արևային էներգիայով ջեռուցող համակարգ տեղադրելու» դրամաշնորհային ծրագիրը (51,154 ԱՄՆ դոլար) իրականացվելու է« Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ և նպատակ ունի Մեղրիի միակ մանկապարտեզում տեղադրել արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ: Համակարգը հնարավորություն կտա մանկապարտեզին խնայել էներգիա և ստանալ տարեկան 940-1050 դոլար եկամուտ՝ ավելցուկային էներգիան պետությանը վաճառելով:

«Ջուջևան գյուղում խմելու ջրի մատակարարման» դրամաշնորհային ծրագրով (68,382 դոլար) կլուծվի Ջուջևան գյուղում 135 տնային տնտեսությունների (600 բնակիչ) խմելու ջրի մատակարարման խնդիրը՝ Ջուջևանից 3կմ հեռավորության վրա գտնվող բնական աղբյուրներից ջրավազան, ինչպես նաև գյուղից դեպի ջրավազան և ջրավազանից դեպի գյուղ ջրագծեր կառուցելու միջոցով:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին