Նորություններ

Լրատվություն

Վիեննայում նախարար Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ

18.09.2019

Սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 63-րդ գլխավոր համաժողովի շրջանակում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կորնել Ֆերուտայի հետ։ Քննարկվել են գործակալության հետ Հայաստանի համագործակցությանն առնչվող հարցեր։
«Որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր՝ մենք կարևորում ենք կազմակերպության հետ համագործակցությունը և մեր գոհունակությունն ենք հայտնում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար»,- նշել է նախարար Սուրեն Պապիկյանը։

Կորնել Ֆերուտան իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանի հետ փոխգործակցությունը կլինի շարունակական՝ պատրաստակամություն հայտնելով փորձագիտական և տեխնիկական համապարփակ աջակցություն ցուցաբերել Հայաստանի միջուկային էներգետիկայի բնագավառին։ ԱԷՄ գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքերով՝ գործակալությունն իր բոլոր ջանքերը կներդնի կազմակերպության անդամ երկրներում վերջիններիս կողմից ատոմային էլեկտրակայանների անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ։
Նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ Կորնել Ֆերուտան այցելել է նաև Հայաստանի տաղավար և ծանոթացել «Հայատոմ» ինստիտուտի մշակումներին։
Համաժողովի շրջանակներում նախարար Պապիկյանը հանդիպում է ունեցել նաև Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։

Նախարարը բարձր է գնահատել ՄԶՀՓԱՊ (CTBTO) դերը և ջանքերը Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման գործում և վստահեցրել, որ Հայաստանը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի և դրա հովանու տակ գործող աշխատանքային խմբերի հետ փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Լ. Զերբոն ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՄԶՀՓԱՊ-ի ներքո իրականացվող տենիկական և քաղաքական ծրագրերին։ Հաշվի առնելով, որ գործադիր քարտուղարը հանդիսանում է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի թեկնածու, նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել նրան գալիք ընտրություններում։


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Ռուզաննա Հովհաննիսյան` Փաստաթղթերի հսկողության և արձանագրային բաժնի մասնագետ: Հեռ (010)-51-13-79 ----------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին