Նորություններ

Լրատվություն

Հայաստանի ԱՃԹՆ պատվիրակությունը՝ ՏԿԵ նախարարի տեղակալ Լ․Շուշանյանի գլխավորությամբ, հյուրընկալվել է ՄԹ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում

17.09.2019

Միացյալ Թագավորություն ուսուցողական այցի շրջանակում Հայաստանի Արդյունահող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) պատվիրակությունը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի (ԲՇԽ) անդամ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 16-ին հյուրընկալվել է Միացյալ Թագավորության կառավարության Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունում (BEIS Department)։ Ուսուցողական այցի հիմնական նպատակն իրական սեփականատերերի բացահայտման ՄԹ-ի առաջավոր փորձի ուսումնասիրությունն է։

Կայացած աշխատաժողովի ժամանակ Հայաստանի պատվիրակությունը ՄԹ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչությունից և Ընկերությունների պալատից տեղեկացել է Միացիալ Թագավորության ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստր հիմնելու, իրավական կարգավորումների, ռեգիստրի վարման փորձի մասին:
Փոխնախարար Շուշանյանը շնորհակալութուն է հայտնել բրիտանացի գործընկերներին հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և առանձին աշխատաժողով կազամակերպելու համար և նկատել․ «Մենք կարող ենք փաստել, որ Մեծ Բրիտանիան գլոբալ առաջնորդություն է ստանձնել՝ ստեղծելով ամենարդյունավետ բիզնես-ռեգիստրներից մեկը և որպես առաջամարտիկ հանդես գալով վերջնական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրման գործում։ Դեռևս երկու տարի առաջ, երբ Հայաստանում մեկնարկեցին վերջնական շահառուների ռեգիստրի ստեղծման քննարկումները, բրիտանական փորձը մեզ համար ուղենիշ էր՝ որպես լավագույն օրինակ։ Ուրախ ենք, որ Հայաստանում արդեն իսկ ընդունված օրենքների տեսքով դրվել է այս ոլորտում առաջին անկյունաքարը, այդուհանդերձ, մի շարք հարցեր պահանջում են շարունակական աշխատանք։ Ուստի շնորհակալ ենք մասնագիտական քննարկումներ կազմակերպելու և ձեր հաջողված փորձով կիսվելու պատրաստակամության համար»։

Աշխատաժողովի բրիտանացի մասնակիցները ներկայացրել են Ընկերությունների պալատի՝ նշանակալի ազդեցություն ունեցող անձանց՝ իրական սեփականատերերի ռեգիստրի վարման գործառույթները, իրավական կարգավորությունները, համագործակցությունն այլ պետական գործակալությունների և հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև այլ երկրների հետ համագործակցության շրջանակը։ Ներկայացվեց տեղեկատվության հավաքագրման, տվյալները հանրության համար հասանելի դարձնելու, անձնական տվյալների պաշտպանության, իրական սեփականատերերի բացահայտման պահանջների կատարման իրավական կարգավորումները։

Հայաստանի պատվիրակության անդամներն ուսումնասիրել են ՄԹ ռեգիտրի տեխնիկական բնութագրիչները, առցանց և թղթային տարբերակներով տվյալների ներկայացման գործընթացները, ներկայացված տվյալների ստուգման ներդրված պրակտիկան։ Վարչության ներկայացուցիչները ներկայացրել են նաև ընթացիկ բարեփոխումները և ոլորտում սպասվող միջազգային զարգացումները։

Հանդիպում է կայացել նաև ՄԹ ԱՃԹՆ-ի պատասխանատուներ՝ Գործարարության, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության վարչության ներկայացուցիչ, ՄԹ ԱՃԹՆ-ի քարտուղարության քաղաքականության հարցերով խորհրդատու Մայք Նաշի և Նավթի և Գազի գործակալության գլխավոր տնտեսագետ և ֆիսկալ վերլուծաբան Մայք Էրփի հետ։ Հայաստանյան պատվիրակության անդամները և Մեծ Բրիտանիայի ԱՃԹՆ-ի պատասխանատուները փոխանակվեցին ԱՃԹՆ-ի ներդրման իրենց փորձով: Ներկայացվել է մինչ այժմ երկրների կողմից իրականացված ԱՃԹՆ-ի աշխատանքները, ԱՃԹՆ-ի վավերացման ԱՃԹՆ-ի փորձը, ինչպես նաև քննարկվեցին ԱՃԹՆ-ի նոր՝ ծրագրի մակարդակով հաշվետվողականության, տվյալների համակարգային բացահայտման և բնապահպանական հաշվետվողականության պահանջներ և երկրների՝ դրանց իրակացմանն ուղղված քայլերը։
Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին