Նորություններ

Լրատվություն

Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը

14.05.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին:Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը, Քաղաքացիական ծառայողների գրասենյակի ներկայացուցիչներ:

Փոխնախարարն իր ողջույնի խոսքում կարևորել է համայնքներում ՄԱԶԾ ծրագրերի ուղղվածությունը և ընդգծել, որ այս ծրագիրը ևս անդրադառնում է կարևոր խնդրի՝ բնապահպանական մարտահրավերներին, որոնց հաղթահարման նպատակով մեր երկիրը քայլեր է ձեռնարկում կայուն զարգացման ապահովման ուղղությամբ:
Ծրագրի շրջանակում մայիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից իրականացվելու են բնապահպանական թեմաներով վերապատրաստման դասընթացներ հանրային և քաղաքացիական հազար ծառայողների համար: Դասընթացների առաջին փուլը մենարկել է այսօր՝ Երևանի քաղաքապետարանի մոտ 350 աշխատակիցների համար։

Դասընթացի հիմքում Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից մշակված համապարփակ 11 մոդուլներ են՝ կայուն քաղաքների, վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, շրջանաձև տնտեսության, բնապահպանական կառավարման, պատասխանատու սպառման և այլ թեմաների վերաբերյալ։ Մշակված մոդուլները նպատակ ունեն ընդլայնել բնական ռեսուրսների կառավարման մեջ ներգրաված որոշում կայացնողների գիտելիքները՝ ուշադրություն հրավիրելով բնապահպանության և բնական ռեսուրսների կառավարման վրա՝ որպես երկրի կայուն զարգացման անբաժան մաս: Դասընթացները վարում են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից վերապատրաստված մասնագետները:

Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և համաֆինանսավորվում՝ ՄԱԶԾ-ի կողմից։ Ծրագրի նպատակն է հզորացնել երկրի կարողությունները՝ օգտագործելու էկոլոգիական կրթությունը և իրազեկումը որպես բնական պաշարների կառավարման գործիքներ շահագրգիռ կողմերի հմտությունների զարգացման համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին