Նորություններ

Լրատվություն

Թունիսը, Պաղեստինը և Լիբիան ուսումնասիրում են Հայաստանի փորձը

13.03.2019

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում այսօր Հայաստան են այցելել պատվիրակություններ Թունիսից, Պաղեստինից և Լիբիայից` ծանոթանալու Քաղաքացիների սպասարկման գրասենյակների (ՔՍԳ) և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման հայաստանյան փորձին:

Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից` Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)` ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:

ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր Վանաձորում պատվիրակության անդամներին ներկայացրել են Վանաձորի ՔՍԳ-ի աշխատանքները և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը:

«Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ.կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական եռօրյա այցի շրջանակում հայ մասնագետները Թունիսից, Պաղեստինից և Լիբիայից ժամանած հյուրերին կծանոթացնեն Հայաստանի համայնքներում գործող ՔՍԳ-ների ներդրման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձին, ինչպես նաև հյուրերի հետ կքննարկեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ այցի համար հիմք է ծառայել 2018 թ. նոյեմբերին ծրագրի կողմից Թունիսում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների և Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի ոլորտում Հայաստանի փորձի ներկայացումը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել Թունիսի, Պաղեստինի և Լիբիայի գործընկերների շրջանում:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում հիմնվել են քաղաքացիների սպասարկման 39 գրասենյակներ ՀՀ 8 մարզում, և ՀԿՏՀ է ներդրվել շուրջ 450 բնակավայրում։ Այսպիսով, Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու բարելավված համայնքային վարչական ծառայություններից։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին