Նորություններ

Լրատվություն

Անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը. նախարար Սուրեն Պապիկյան

12.03.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։

Ողջունելով ներկաներին և անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի տարբեր մարզերի վարչական տարածքներով անցնող կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման կամ նորոգման աշխատանքների վրա, որի նպատակն է կանխել հողերի գերխոնավացումն ու աղակալումը։ Խնդրի կանոնակարգման ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է վարչական աջակցություն ցուցաբերել դրենաժային համակարգերի մաքրման աշխատանքներ իրականացնող «Մելիորացիա» ՓԲԸ-ին և վերացնել տարբեր համայնքների և տնտեսվարող սուբյեկտների կողմից ինչ-ինչ պատճառներով ստեղծվող արհեստական խոչընդոտները։

Անդրադառնալով համայնքների վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործման հիմնախնդիրներին՝ նախարար Պապիկյանը նշել է, որ համայնքներում վարելահողերի և ցանքատարածությունների քարտեզագրման և գույքագրման վերաբերյալ ճշգրիտ միասնական տեղեկատվական բազայի բացակայությունը բարդություններ է առաջացնում պոտենցիալ ներդրումային ծրագրերի առարկայական քննարկման գործում։ Այս նպատակով նախարարը մարզպետներին հորդորել է ակտիվ բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս իրենց հողային և տարբեր նշանակության ենթակառուցվածքային ռեսուրսներն առավել հրապարակային ու թափանցիկության ռեժիմով հասանելի դարձնեն բոլոր քաղաքացիների համար։

Սուրեն Պապիկյանը խոսել է նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառքով օտարման գործընթացում առկա խնդիրների մասին և ընդգծել, որ անհրաժեշտ է խոշորացույցի տակ վերցնել աճուրդի բոլոր փուլերը՝ բացառելու համար ապօրինության ցանկացած դրսևորում ու օրենքի տառից ցանկացած շեղում։

Խորհրդակցության ընթացքում «Կանգուն փորձագետների ակումբ» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել է «Իմ քայլը հանուն մարզի» ներդրումային համաժողովների կազմակերպման, անցկացման, ինչպես նաև մարզերի զարգացմանն ուղղված բիզնես-ծրագրերի շարունակականության ապահովմանն ուղղված հարցեր։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին