Նորություններ

Լրատվություն

Երևանում կկառուցվի սեյսմակայուն 6 դպրոց

06.02.2019

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում Երևանում կապամոնտաժվի և կվերակառուցվի սեյսմիկ անվտանգության առումով խոցելի և կրթական գործընթացի համար անհրաժեշտ քաղաքաշինական բարելավման ենթակա թվով 6 դպրոց։ Այդ նպատակով գործադիրն այսօր հավանության արժանացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» որոշման նախագիծը, համաձայն որի առաջարկվում է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կանոնակարգել ծրագրում ընդգրկված 6 դպրոցների ամբողջովին քանդման կամ մասնակի քանդման աշխատանքները։

Միջազգային փորձագետների ուսումնասիրության և ոլորտային գերատեսչությունների հետ քննարկման արդյունքներով՝ նախատեսվում է ճակատային մասի պահպանմամբ՝ մասնակի քանդել չորս դպրոցի շենք- շինությունները (Մուրացանի անվ․ թիվ 18 հիմնական, Հ. Կարապենցի անվ․ թիվ 6 հիմնական, Հերացու ավագ դպրոցները և Հ․Կոջոյանի անվ. թիվ 15 կրթահամալիրը), իսկ ամբողջությամբ ապամոնտաժել ամրացման ոչ ենթակա երկու դպրոց (Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցները)։

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն անդրադարձել է նաև սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 46 դպրոցներին՝ նշելով, որ դրանց մի մասի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, իսկ երկրորդ փուլի մեկնարկը կտրվի վերոնշյալ 6 դպրոցներով։ Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ ներկայումս  շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում, Նոր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցում և Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

Վերակառուցումից հետո դպրոցները բավարարելու են ժամանակակից քաղաքաշինական և կրթական բոլոր չափանիշներին, մասնավորապես՝ սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, լինելու են էներգախնայող և ունենալու են այլընտրանքային էներգիայի օգտագործման հնարավորություն, ունենալու են հնարավորություններ օգտվելու ժամանակակից կրթական պայմանների ապահովմանը ներկայացվող պահանջներից։ Նորակառույց դպրոցները մատչելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար՝ նախատեսելով նաև վերելակի առկայություն։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 107 մլն ԱՄՆ դոլար, որից բանկի վարկային միջոցները կազմում են 88,5 մլն դոլար, իսկ պետական համաֆինանսավորումը կազմում է 18,5 մլն դոլար: Ծրագրի հիմնական և առանցքային ցուցանիշը հանդիսանում է առնվազն 18900 աշակերտի անվտանգ կրթական պայմանների ապահովումը:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին