Նորություններ

Լրատվություն

Մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին․ Սուրեն Պապիկյան

20.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր հավաստագրեր է հանձնել նախարարությունում աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով եռամսյա պրակտիկան հաջողությամբ ավարտած երիտասարդներին։

Ջերմորեն ողջունելով երիտասարդ մասնագետներին՝ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ նախարարության աշխատանքներին անշահախնդիր և ակտիվ մասնակցելու համար և ուրախությամբ փաստել, որ վերջին շրջանում գերատեսչության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ակնհայտորեն ուրվագծվում է երիտասարդների ներգրավվածությունը։ Նախարարի պաշտոնակատարը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել ինքնաիրացման ազատ դաշտ բացել բարձր մասնագիտական որակներ ունեցող մասնագետների համար։ Կարևորելով հատկապես բուհը նոր  ավարտած երիտասարդների ներգրավումը պետական կառավարման համակարգում՝ Սուրեն Պապիկյանը հույս է հայտնել, որ կառավարության համակարգային փոփոխություններից հետո իրենց լավագույնս դրսևորած պրակտիկանտներից ոմանց համար հնարավորություն կստեղծվի աշխատանքի անցնել արդեն նոր գերատեսչություններում։
«Չեմ ուզում ցածրացնել տարիների փորձ ունեցող մասնագետների դերը, բայց փաստ է նաև, որ այդ փորձին զուգահեռ մեզ պետք է նաև երիտասարդական ավյուն։ Այս եռամսյա պրակտիկայի արդյունքում էլ մենք ականատես եղանք, որ անփորձ երիտասարդները շատ բան կարող են տալ պետական կառավարման համակարգին»,- նշել է Սուրեն Պապիկյանը։

Իրենց հերթին երիտասարդները շնորհակալություն են հայտնել նախարարությունում պրակտիկա անցնելու ընձեռնված բացառիկ հնարավորության համար և ընդգծել, որ տարբեր ստորաբաժանումների աշխատանքներում ամբողջական ծավալով ներգրավումն ու դրանց մեջ սեփական մասնակցության մասնաբաժինն ունենալը չափազանց էական էր մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման տեսանկյունից։
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը կրկին շնորհավորել է երիտասարդ մասնագետներին ձեռքբերումների, կուտակված փորձի և գիտելիքների նոր պաշար ամբարելու կապակցությամբ և նրանց հանձնել հավաստագրերը։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին