Նորություններ

Լրատվություն

Սուրեն Պապիկյանը մասնակցել է նախակրթարանների բացման և սոցիալական բնակարանների հանձնման միջոցառումներին

19.12.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հիմնանորոգված նախակրթարանների բացման հանդիսավոր արարողություններին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նման կարևոր իրադարձության կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Գյումրու քաղաքապետարանին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և գործընկեր մյուս կառույցներին` այս հարցում իրենց ներդրումն ունենալու համար:

Սուրեն Պապիկյանն ընդգծել է երկրաշարժից 30 տարի անց հիմնանորոգված և սեյսմակայուն նախակրթարանների վերաբացման կարևորությունը և նշել, որ կառավարությունն իր առջև խնդիր է դրել 2019 թվականի ավարտին Գյումրի քաղաքում այլևս չունենալ վերանորոգման, վերակառուցման կարիք ունեցող մանկապարտեզ:
«Ես լիահույս եմ, որ մեր կառավարության ջանքերի շնորհիվ առաջիկա մի քանի տարվա ընթացքում կխոսենք շեն և զարգացած Գյումրի քաղաքի մասին, որի հիմքերը դնելու ենք միասին` համատեղ աշխատանքի միջոցով»,-ասել է Սուրեն Պապիկյանը և բարի երթ մաղթել նախակրթարանի մանուկներին:
Նախարարի պաշտոնատակատարը Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ շրջել է մանկապարտեզներում և ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Նանուլիկ» մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները իրականացվել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Անցած տարիների ընթացքում որպես նախակրթարան ծառայող հավաքովի տնակները ամբողջովին շարքից դուրս էին եկել և պիտանի չէին հետագա շահագործման համար: 2017թ. մեկնարկած հիմնանորոգման աշխատանքների համար հատկացվել է մոտ 160 մլն դրամ, ինչի արդյունքում մանկապարտեզն արդեն ամբողջությամբ կահավորվել է: Նորակառույց շենքի հարակից տարածքում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ, տեղադրվել է խաղահրապարակ:

«Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները ևս իրականացվել են տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, Մանկապարտեզի կահավորման համար հատկացվել է մոտ 140 մլն դրամ: 2019 թ. հունվարից «Նանուլիկ» նախակրթարան կկարողանան հաճախել 75, իսկ «Արևիկ»՝ 100 երեխա:

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Սուրեն Պապիկյանը մասնակցել է նաև Գյումրու Մովսես Խորենացի 46/1 հասցեում գտնվող սոցիալական բնակարանների հանձնման միջոցառմանը և շնորհավորել տարեմուտը նոր բնակարաններում դիմավորող 12 ընտանիքներին: Գյումրու քաղաքապետարան-«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի համագործակցության արդյունքում սոցիալական բնակարանների կառուցման ծրագրով 2018թ. շահագործման է հանձնվել 12 բնակարան:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին