Նորություններ

Լրատվություն

Մի շարք մարզերի հատկացվել է շուրջ 190 մլն դրամ ` ուղղված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերին

29.11.2018

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին հատկացվել է 187 մլն 783.9 հազար դրամ: Կառավարության նիստում հարցը ներկայացնող ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ միջոցները կուղղվեն համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը: «Մասնավորապես` համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակույթի տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման ծրագրեր»,- նշել է փոխնախարարը:

Մեկ այլ որոշմամբ` կառավարության պահուստային ֆոնդից 487 մլն 331 հազար դրամ կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել էր շուրջ 14650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100  հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է նաև պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով համայնքի 7 բնակչի տրամադրվել է 3,025.0 հազար դրամ:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին