Նորություններ

Լրատվություն

Օձունում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ

08.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ներկա է գտնվել Օձուն համայնքում Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) Հարավարևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի վարչության ղեկավար Սանդրա Շենկեն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննե Քեմփան, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
2015 թ.-ից ի վեր Ծրագրի շրջանակներում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման 22 գրասենյակներ Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի և Օձուն համայնքներում:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների մատուցումը «լավ կառավարման» սկզբունքների համաձայն:
Համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքները կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը նպաստում է քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության բարելավմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դիմումների և գրությունների ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
Վարչատարածքային բարեփոխումների շրջանակում ՀԿՏՀ-ն ապահովում է վարչական ծառայությունների մատուցում բնակիչներին անմիջապես բնակավայրերում, խոշորացված համայնքի արդյունավետ կառավարում, բնակավայրերի ինտեգրում և փոխգործակցություն մեկ միասնական տեղեկատվական միջավայրում:


 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին