Նորություններ

Լրատվություն

Ներկայացվել են Շիրակի մարզում ENPARD ծրագրի արդյունքները

08.11.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանն այսօր Գյումրիում մասնակցել է Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի փակման միջոցառմանը, որին ներկա էին ԵՄ պատվիրակության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, միջազգային կազմակերպությունների, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ, շահառու ֆերմերներ և ծրագրի գործընկերներ:
Այն կազմակերպվել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից`նպատակ ունենալով տեղում ծանոթացնել Շիրակի մարզում կատարված աշխատանքներին և ծրագրի արդյունքներին:

Միջոցառմանը քննարկվել են ծրագրի արդյունքները, որն ուղղված է եղել գյուղատնտեսության, արտադրող խմբերի և արժեշղթաների կայուն զարգացմանը՝ նպատակ ունենալով նպաստել արտադրող խմբերի հզորացմանը, նրանց արդյունավետ հավելյալ արժեքի շղթայի ստեղծմանը, արժեշղթաների ամրապնդմանը: Այն  հնարավորություն է ընձեռել ձեռք բերել մատչելի և բարձրորակ արտադրանք` խթանելով գյուղական համայնքների զարգացմանը, տեղական և միջազգային շուկաներ մուտք գործելուն, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի և սննդի վերամշակման պրակտիկայի ներդրմանը:
Ծրագրի շահառուները խոսել են իրենց հաջողությունների մասին, կիսվել փորձով և համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում իրենց ունեցած դերակատարությամբ:

Նշենք, որ Եվրամիության և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագրի աջակցությամբ Շիրակի մարզում ստեղծվել են բարձրարժեք դաշտային կուլտուրաներ մշակող 19 գյուղատնտեսական, չոր միրգ արտադրող 1 և բարձրարժեք պանիր արտադրող 2 կոոպերատիվներ, Բավրա համայնքում հիմնվել է հնդկացորենի մշակման արտադրամաս:  Ծրագիրն ավելի քան 500,000 եվրո ներդրում է կատարել և ներգրավել ավելի քան 180,000 եվրո` համագործակցող կազմակերպություններից: 2018թ.-ին բարձրարժեք մշակաբույսային կուլտուրաների ցանքը կազմել է 254 հա, հավաքվել է 317 տոննա հնդկացորեն, ոսպ, ոլոր, սիսեռ և կտավատ: Մարզում հիմնադրվել են հատապտղի այգիներ` հագեցած հակակարկտային և կաթիլային որոգման համակարգերով, ընդհանուր` 5,000 քմ տարածությամբ: Արտադրվել և վաճառվել է մոտ 60 տոննա պանիր, մոտ 6 տոննա չոր միրգ և խոտաբույս: 

Ծրագիրն իրականացվում է Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում: Ծրագրի կողմից աջակցվել և ներդրումներ են կատարվել հատապտղի, բարձրարժեք դաշտային կուլտուրաների, ոչ ավանդական բանջարեղենի, բարձրարժեք պանիրի և չոր մրգի արժեշղթաների զարգացման ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին