Նորություններ

Լրատվություն

Կանանց մասնակցության հիմախնդիրը մեր ուշադրության կենտրոնում է. Վաչե Տերտերյան

07.03.2018

Երևանում այսօր կայացել է «Կանայք և տեղական ինքնակառավարումը» խորագիրը կրող համաժողովը, որը կազմակերպվել է մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա շրջանակներում:
Համաժողովին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանություն գործերի հավատարմատար, խորհրդական-դեսպանորդ Մարտին Ֆրեդրիկսնը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Միջազգային համագործակցության բաժնի պետ ԶառաԱլլահվերդյանը և Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը:

Համաժողովը նվիրված է կանանց տնտեսական հզորացման և քաղաքական մասնակցության հարցերին, ինչպես նաև տեղական ժողովրդավարական գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցության իրավական մեխանիզմներին:

Փոխնախարար Վաչե Տերտերյանը, ողջունելով գործընկեր միջազգային, դիվանագիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, շնորհավորել է կանանց միջազգային օրվա առթիվ և մաղթել երջանկություն, առողջություն, հաջողություններ նրանց հասարակական, մասնագիտական գործունեության մեջ։
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել ներկա գործընկեր կազմակերպություններին իրենց մասնակցության և տեղական ժողովրդավարության ոլորտում բարձր ակտիվության համար։«Մեր համագործակցությունը բոլորի հետ ունի արդեն երկու տասնամյակի պատմություն, մոտավորապես այնքան, որքան մեր տեղական ինքնակառավարման համակարգն է: Եվ եթե մենք ունենք արդյունքներ այս համակարգում, իսկ մենք հաստատապես ունենք արդյունքներ, ապա դրանցում իրենց մեծ մասնակցությունն ունեն այս կազմակերպությունները, ովքեր տրամադրել են մեզ խորհրդատավական, մասնագիտական, ինչու ոչ նաև շատ դեպքերում նյութական օժանդակություն, ինչի համար մենք շնորհակալ ենք: Չէր լինի այս միջոցառումը, եթե չլիներ մեր գործընկերների միահամուռ օժանդակությունն ու ոգևորությունը: Թեման, որ ընտրված է` <<Կանայք և տեղական ինքնակառավարումը>> արդիական է, այն արդիական էր նաև երեկ և ամբողջ մեր տեղական ինքնակառավարման զարգացման ընթացքում: Մենք մշտապես կարևորել ենք կանանց մասնակցությունը, և դրա վառ ապացույցը կարող են լինել գենդերային ուղղվածության այն հընթացս ծրագրերը, որ ունեցել ենք: Մենք մշտապես ոգևորվել ենք այդ ծրագրերի թեկուզ փոքր արդյունքներով, բայց նաև արձանագրել ենք, որ արդյունքները դեռևս շատ հեռու են մեզ համար գոհացուցիչ, բավարար լինելու մակարդակից»,-ասել է փոխնախարարը։ Վ․ Տերտերյանը նաև շեշտել է, որ համաժողովի թեմատիկան առաձնակի կարևորություն է ձեռք բերում համայնքներում տնտեսական զարգացում ապահովելու կառավարության քաղաքականության համատեքստում, քանզի կուտակված հիմնախնդիրների լուծումը հնարավոր է միայն այս գործընթացներում կանանց մասնակցության միջոցով։

Առանձին ելույթներով են հանդես եկել նաև միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները, ովքեր վերստին կարևորել են  պետական կառավարման տարբեր մակարդակներում ժողովրդավարացման գործընթացի հրամայականով պայմանավորված կանանց ինստիտուցիոնալ ներգրավվածության և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը, որի արդյունավետ իրականացման արդյունքում միայն կապահովվի բազմագործոն քաղաքական արդիականացում։

Միջոցառումն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և  զարգացման դաշնային նախարարության և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆՄԶԳ) համաֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի և Եվրոպայի խորհրդի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի կողմից՝ ՇԶՀԳ աջակցությամբ, և Եվրոպայի  խորհրդի «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության զարգացմանը» ծրագրի կողմից՝ Շվեդիայի կառավարության աջակցությամբ:

Միջոցառման ավարտին ներկայացվել է կին քաղաքական գործիչներին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին