Նորություններ

Լրատվություն

Սյունիքի և Վայոց ձորի համայնքների ներկայացուցիչներին ներկայացվել է սուբվենցիաների տրամադրման գործընթացը

06.02.2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը փետրվարի 6-ին Սիսիան քաղաքում հանդիպել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերի համայնքների և վարչական ղեկավարների, մարզպետարանի, համայնքապետարանի աշխատակիցների և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Վարազդատ Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես` անդրադարձել 2018 թվականին համայնքներին տրամադրվող սուբվենցիաների նոր ընթացակարգին: << Եթե համայնքները ծրագիր են կազմում որևէ կապիտալ ծախս անելու համար և նախատեսում են գումար այդ ամենի համար՝ կարող են դիմել Կառավարությանը։ Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների համար պետությունը պատրաստ է համաֆինանսավորել համապատասխանաբար 60/40 և 40/60 հարաբերակցությամբ։ Այսինքն՝ տնտեսական զարգացման տնտեսական ենթակառուցվածքները մենք դնում ենք որպես առաջնայնություն՝ ոռոգման ջրագծերը, գյուղատնտեսական տեխնիկան։ Օրինակ, եթե ծրագրի գումարը կազմում է 50 մլն դրամ՝ Կառավարությունը վճարում է 60 տոկոսը, իսկ համայնքը՝ 40։ Սոցիալական ծրագրերի դեպքում հակառակն է՝ 40-ը պետական բյուջեից, իսկ 60-ը՝ համայնքից»,- նշել է Կարապետյանը:

ՀՀ ՏԿԶ փոխնախարարը տեղեկացրել է, որ սուբվենցիաների հայտերը կընդունվեն մինչև ընթացիկ տարվա մարտ ամիսը և ներկայացրել է դրանց ընդունման չափորոշիչները: Ըստ նրա, մինչև 100 մլն դրամ բյուջեով համայնքը պետք է պատրաստ լինի գոնե 5 մլն դրամ նախատեսել կապիտալ ծախսերի ուղղությամբ, և սուբվենցիաների գործընթացը միտված է նրան, որպեսզի խրախուսի համայնքներին՝ իրենց ընդհանուր բյուջեում կապիտալ ծախսերը հնարավորինս ավելացնելու համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև համայնքների բյուջեներին և ընդհանուր խնդիրներին, ինչպես նաև ներկայացվել է համայնքային տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման թեմային:
Վարազդատ Կարապետյանը սպառիչ պատասխաններ է տվել ներկաներին հուզող հարցերին, տեղեկացրել նաև, որ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ համայնքներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար: Փոխնախարարը վստահեցրել է, որ գործընթացը շարունակական է լինելու, և այսօրինակ հանդիպումները ՀՀ բոլոր մարզերում նպաստելու են նորանոր ծրագրերի իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին