ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Նորություններ

Լրատվություն

Դավիթ Լոքյան. « ՀԲ-ի համապատասխան միջոցներով շուրջ 15 մլն դոլարի ծրագիր ենք սկսել, որի առաջին կանգառը Շիրակի մարզն է. 32 ծրագիր արդեն ներկայացված են»

10.10.2017

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2016-2017 թթ ընթացքում կատարված հիմնական աշխատանքների արդյունքները:
Լրագրողների հետ հանդիպման ժամամակ նախարարն անդրադարձել է տեղական ինքնակառավարման ոլորտի վարչատարածքային բարեփոխումներին , ՏԻՄ համակարգային կառուցվածքի փոփոխություններին, նախարարության կողմից մշակված համայնքների կառավարման համար անհրաժեշտ ձեռնարկներին, համայնքներում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերին, համայնքներում էլէկտրոնային կառավարման համակարգերին, նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցերին և մի շարք այլ հարցերի:

Նախարար Լոքյանի խոսքով, նախարարությունը մեկ տարվա ընթացքում իր գործունեության համար մի քանի ուղղություններ է հատկանշել, որոնցից ամենաառաջնայինը համակարգի ինստիտուցիոնալ կառուցվածքի փոփոխությունների խնդիրը լուծելն էր: Ասուլիսում նախարարի նախաբան խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ:
<<Մենք ունեցանք տարածքային զարգացման ռազմավարություն, մարզային զարգացման ռազմավարություններ, ունենք գործառնական ծրագրերի ընդհանուր փաթեթ, որով պետք է սկսենք ծրագրերի իրականացումը մարզերում, համայնքներում: Դրանից հետո անմիջապես սկսեցինք համայնքային խնդիրների համակարգման ինստիտուցիոնալ մասը:
Մենք համայնքների համար պատրաստեցինք շուրջ 10 ձեռնարկ, որոնք տարբեր ուղղություններով հստակեցնում էին, թե ինչպես պետք է աշխատեն մեր համայնքները: Առաջինը` կոնցենսիոն պայմանագրերի համապատասխան ձև մենք փոխանցեցինք համայնքներին , արդյունքում ունենք բազմաթիվ պայմանագրեր հատկապես աղբահանության ոլորտում:
Երկրորդ՝ մենք ունեինք արդեն 18 խոշորացված համայնքներ, սակայն չունեինք համապատասխան փաստաթուղթ, թե ինչպես կառավարել խոշորացված համայնքը, թե ինչպես պետք է աշխատի համայնքապետը, աշխատակազմը, ինչ պարբերականությամբ նրանք պետք է լինեն բնակավայրերում, ինչպես պետք է ժողովրդի խնդիրներին հաղորդակից լինեն և այլն:
Հաջորդ կարևոր խնդիրը, որ համարում ենք, ընթացքի մեջ է և լուծված է, դա համայնքային տնտեսական զարգացման ծրագրերի ձեռնարկն է: Երբ փորձեցինք անցած տարի համայնքներից ստանալ տնտեսական ծրագրեր, հասկացանք, որ չունենք մարդկային այն կապիտալը, որը կարող է մեզ տրամադրել նորմալ տնտեսական ծրագրեր , որոնք պետք է ապահովեն համայնքների տնտեսական զարգացում: Մենք պատրաստեցինք ձեռնարկը օրինակներով, ընթացակարգերով և փոխանցեցինք համայնքներին: Յուրաքանչուր համայնքում պետք է ունենանք տնտեսական պատասխանատու աշխատակից, որը կարող է լինել համայնքային ծառայող կամ այդ պարտականությունը իր վրա կրող որևէ անձ, ում համար ֆիքսել ենք, թե ինչ պետք է անի նա համայնքում, ինչպիսի ծրագրեր պիտի ներկայացնի մարզպետարան և այդ ծրագրերը մարզպետարանով ինչպես պիտի հասնեն կառավարություն:
Կարևոր խնդիր էր, վերջերս ավարտեցինք, խոշորացված համայնքների համար ծրագրային բյուջետավորմանն անցնելու գործընթացի ձեռնարկը: 2018 թվականին մեր 18 խոշորացված համայնքները պետք է իրենց բյուջեները կազմեն ծրագրային մեխանիզմով: Այն է` պետք է կազմեն համապատասխան ծրագիրը, համապատասխան ծրագրում պետք է ֆիքսեն այն չափելի ցուցանիշները, որոնցով տարվա վերջում իրենց գործունեությունը պիտի ֆիքսեն և նոր համապատասխան ֆինանսական պահանջարկ անեն:
Մենք պատրաստել ենք մեկ կարգ, դա համայնքների սուբվենցիաների տրամադրման կարգն է: 2018 թվականին մենք համայնքներին առաջարկում ենք աշխատել հետևյալ տարբերակով. առաջարկում ենք համայնքին իր ֆոնդային բյուջե դնել որոշակի գումար և պետության կողմից ստանալ կրկնապատիկը: Համայնքը մարզպետարանի միջոցով պետք է ներկայացնի իր ծրագիրը, իսկ ՏԿԶ նախարարությունն էլ այն կներկայացնի կառավարություն. արդյունքում կստացվի համապատասխան բյուջետավորում և համայնքը կիրականացնի տվյալ ծրագիրը: Սա լուրջ տնտեսական, մոտիվացնող գաղափարախոսություն է, որը մենք դնում ենք 2018 թվականի մեր աշխատանքի հիմքում: Խնդիրը քննարկվել է ՀՀ Նախագահի մոտ, վարչապետի հետ բազմիցս և ընդհանուր համաձայնության դաշտում մենք պատրաստվում ենք մինչև 5-7 մլրդ դրամի չափով սուբվենցիաներ տրամադրել համայնքներին, եթե համայնքը նույն չափով մասնակից լինի ծրագրին:
Ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նկատմամբ միայն հողի հարկի մասով 210 մլն դրամի չափով ավելի գումար են հավաքագրել մեր համայնքները: Գույքահարկի մասով 500 մլն դրամ են հավաքագրել, շենք-շինությունների մասով 200 մլն-ից ավելի վարձակալության գումար: Ընդհանուր առմամբ, մեր համայնքները հավաքել են 212 մլն դրամ ավելի գումար: Սա այն գումարի մի մասն է, որն կարող է գնալ ֆոնդային բյուջե և կրկնապատկվել: Մենք ենթադրում ենք, որ համայնքները մարզպետարանների ուղղակի աջակցությամբ մինչև տարեվերջ 3.5 մլրդ դրամ ավելի հավաքագրում կունենան: Սա մեծ ցուցանիշ է՝ մոտ 10 տոկոսից ավելի է նախորդ տարվա համեմատությամբ և ապագայում շարունակելու ենք նույն տեմպերով: Համայնքը պետք է մոտիվացված լինի հավաքագրել սեփական եկամուտներ և ծրագիր ներկայացնելով` պետությունից ստանալ համապատասխան սուբվենցիա:
Ծրագրային 2-րդ կարևոր բաժինը հիմնականում ներդրումային ծրագրերն են: Հայաստանում սկսված է շուրջ 10 մլն եվրոյի ծրագրեր:
Սրանք ԵՄ ծրագրեր են , որ հիմնականում միտված են տնտեսական աճ ապահովելու: Բացի այս, ունենք ևս 4 ծրագրեր ուղղված խոշորացված համայնքներին:
Ւնստիտուցիոնալ բարեփոխումները և պետության արտաքին քաղաքականության վեկտորը մեզ համար ապահովելու է առաջիկայում լուրջ ֆինանսական հոսքեր նաև Եվրամիությունից շուրջ 26 մլն դոլարի չափով համայնքներում տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնելու համար և 54 մլն դոլարի չափով փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար: Սա մենք սպասում ենք նոյեմբերի 13-ին Բրյուսելում ստորագրվելիք փաստաթղթի արդյունքում:
Մենք խնդիրներ ունենք այս գումարները ստանալու և ուղղելու մեր համայնքներ, դրանք պայմաններ են, որ մենք պետք է կատարենք: Առաջին պայմանը համայնքների ֆինանսական ծախսերի և մուտքերի կանոնակարգումն է, այս չափորոշիչ է, որ Եվրամիությունը ֆիքսել է: 2018թվականի հունվարի 1-ից մենք այս խնդիրներով զբաղվելու ենք, որպեսզի համայնքն ունենա օպտիմալ ծախս իր գործառույթներն ապահովելու համար և ֆինանսական մուտքեր՝ իր ֆինանսական անկախությունն ապահովելու համար: Մենք ունենք շատ աննորմալ երևույթ.պետությունը հարկատուներից հավաքում է շուրջ 54 մլրդ դրամի չափով գումար և այն ուղղում է համայնքներին՝ որպես դոտացիա ֆինանսական համահարթեցման համար:
Համայնքներ ունենք, որ այդ տրված գումարը հանգիստ ծախսում են այն գործառույթների վրա, որի դիմաց իրենք պետք է վճար գանձեն և բյուջետային մուտքեր ունենան: Այսուհետ մենք աշխատելու ենք համայնքների հետ <<ավելին՝ ավելիի դեպքում>> սկզբունքով: Բյուջետային կարգապահությունը 2018 թվականի թիվ մեկ խնդիրն է դառնալու մեր ոլորտի համար, դրա համար մշակվել են ռազմավարություններ, գործառնական ծրագրեր, կարգեր:

Մեկ ամիս է, որ սկսել ենք մի կարևոր ծրագիր ևս. դա համայնքների տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերն են: Համաշխարհային Բանկի համապատասխան միջոցներով՝ շուրջ 15 մլն դոլարի ծրագիր ենք սկսել, որի առաջին կանգառը Շիրակի մարզն է: Շիրակի մարզից 32 ծրագրեր արդեն ներկայացված են Տարածքային զարգացման հիմնադրամ: Ծրագրերը պատրաստվել են մեր նախարարության համապատասխան մասնագետների կողմից, մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ, փոքր ու միջին ձեռնարկությունների օգնությամբ: 32 ծրագրերի առաջին 4 ծրագրերը ընդունվել են և ֆինանսավորվում են: Դրանք հիմնականում Ամասիայում, Արփիում, Ղուկասյանում և Սարապատ խոշորացված համայնքներում իրականացվելիք ծրագրերն են: Այս ծրագրերը դասակարգում ունեն. 15 մլն դոլարի 30 տոկոսը մեր պահանջով և ՀԲ-ի համաձայնությամբ` ուղղվելու է սոցիալական ծրագրերի իրականացմանը` մանկապարտեզ, առողջապահական կենտրոն , համայնքային կենտրոն և այլն, իսկ 70 տոկոսը՝ տնտեսական ծրագրերին: Ժամանակն է ունենալ ուժեղ տնտեսություն համայնքներում:
Խոշորացված համայնքներում մեր և միջազգային կազմակերպությունների օգնությամբ ձևավորվել են ՔՍԳ-ներ՝ քաղաքացիների սպասարկման գրասենյակներ, որպեսզի խոշորացված համայնքի մի որևէ բնակավայրից գյուղացին չգնա կենտրոն տեղեկանքի համար: Նա  դա ստանում է իր համայնքում՝ այս գրասենյակներից, որը միացած է համայնքային կենտրոնի հետ: Վերջերս մենք ամենահեռավոր տարածաշրջաններում ՔՍԳ-ներ բացեցինք՝ Ամասիայում, Արփիում: Խոշորացված 18 համայնքից մոտ 15-ում արդեն ունենք այդ գրասենյակները, և խոշորացված համայնքներում տեղափոխության խնդրները այս գրասենյակների միջոցով լուծվում է:
Նոյեմբերի 5-ին ևս 34 նման խոշորացված համայնքներ են ձևավորվելու: Ընտրությունների ավարտից հետո նույն աշխատանքները կիրականացվեն նաև այստեղ՝ գրասենյակների հիմնում, տեխնիկայով, ծրագրերով ապահովում,սուբվենցիաների տրամադրում:

Ասուլիսում նախարարը պատասխանել  է լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի:

2016-2017 թվականների ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվությունը  հետևյալ հղմամբ՝ http://mtad.am/hy/news/item/2017/10/10/mtad10/:

 


 

 

 



 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին